Հեսու 3։1-17

3  Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ ինքը եւ բոլոր Իսրայէլի որդիքը չուեցին Սատիմիցը, եւ եկան մինչեւ Յորդանանը. եւ անցնելուց առաջ այնտեղ իջեւան արին։  Եւ երեք օրից յետոյ ոստիկանները բանակի միջովն անցան։  Եւ ժողովրդին պատուիրեցին ասելով. Երբոր տեսնէք ձեր Տէր Աստուծոյ ուխտի տապանակը, եւ Ղեւտացի քահանաներին նորան տանելիս, դուք էլ ձեր տեղերիցը չուեցէք, եւ նորա ետեւիցը գնացէք.  Բայց մի հեռաւորութիւն լինի ձեր եւ նորա մէջտեղում երկու հազար կանգունի չափ. նորան չ’մոտենաք, որպէս զի իմանաք ձեր գնալու ճանապարհը. որովհետեւ այս ճանապարհովն անցած չէք երէկուանից եւ միւս օրուանից։  Եւ Յեսուն ասեց ժողովրդին. Սրբեցէք ձեր անձերը. որովհետեւ Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու։  Եւ Յեսուն ասեց քահանաներին. թէ Վեր առէք ուխտի տապանակը, եւ անցէք ժողովրդի առաջը։ Եւ նորանք վեր առան ուխտի տապանակը. եւ գնացին ժողովրդի առաջիցը։  Եւ Տէրն ասեց Յեսուին. Այսօր կ’սկսեմ քեզ մեծացնել բոլոր Իսրայէլի աչքի առաջին,որ իմանան թէ ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կ’լինեմ։  Եւ հիմա դու ուխտի տապանակը վեր առնող քահանաներին պատուիրիր ասելով. Երբոր Յորդանանի ջրի եզերքը հասնեք Յորդանանումը կանգնեցէք։  Եւ Յեսուն ասեց Իսրայէլի որդկանցը. Մօտեցէք այստեղ, եւ ձեր Տէր Աստուծոյ խօսքերը լսեցէք։ 10  Եւ Յեսուն ասեց. Սորանով կ’իմանաք, որ կենդանի Աստուածը ձեր մէջն է, եւ ձեր առաջիցը հալածելով հալածելու է Քանանացիներին, Քետացիներին, Խեւացիներին, Փերեզացիներին, Գերգեսացիներին, Ամօրհացիներին եւ Յեբուսացիներին. 11  Ահա բոլոր երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առաջը կանցնէ Յորդանանի մէջ։ 12  Եւ հիմա դուք Իսրայէլի ցեղերիցը տասնեւերկու մարդ առէք, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ։ 13  Եւ երբոր բոլոր երկրի Տէր Եհովայի տապանակը վեր առնող քահանաների ոտքերի թաթերը Յորդանանի մէջ մտնեն, Յորդանանի ջրերը կ’կտրուին, վերեւիցն իջնող ջրերը կարկառակոյտի պէս կ’կանգնեն։ 14  Եւ երբոր ժողովուրդը Յորդանանովն անցնելու համար իրանց վրաններիցը չուեցին, ուխտի տապանակը վեր առնող քահանաները ժողովրդի առաջին էին. 15  Եւ հէնց որ տապանակը վեր առնողները մինչեւ Յորդանանը հասան եւ տապանակը վեր առնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մէջ մխուեցան,(որովհետեւ հունձքի բոլոր ժամանակը Յորդանանը լիքն է լինում իր բոլոր եզերքների վերայ,) 16  Այն ժամանակը վերեւիցն իջնող ջրերը կանգնեցին, եւ Սարթանի մօտ եղող Ադամ քաղաքիցը շատ հեռու մի կարկառակոյտի պէս բարձրացավ. եւ դաշտի ծովը այսինքն Աղի ծովը իջնող ջրերը վերջացան կտրուեցան. եւ ժողովուրդը Երիքովի դէմ անցկացաւ։ 17  Եւ Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի մէջ ցամաքի վերայ հաստատ կանգնեցին. եւ բոլոր Իսրայէլը ցամաքով անցկացաւ, մինչեւ որ բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրեց։

Ծանոթագրություններ