Հեսու 4։1-24

4  Եւ երբոր բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրին, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասեց.  Ժողովրդիցը դուք տասնեւերկու մարդ առէք, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ,  Եւ նորանց պատուիրեցէք ասելով. Այստեղից՝Յորդանանի միջիցը՝ քահանաների ոտքերի պինդ կացած տեղիցը ձեզ համար տասնեւերկու քար առէք, եւ ձեզ հետ տարէք նորանց, եւ դրէք այն իջեւանումը ուր որ այս գիշեր իջեւան էք անելու։  Եւ Յեսուն Իսրայէլի որդիներիցն իր որոշած տասնեւերկու մարդկանցը կանչեց, ամեն մէկ ցեղիցը մէկ մարդ.  Ձեր Տէր Աստուծոյ տապանակի առաջին անցէք Յորդանանի մէջ, եւ ամեն մէկդ ձեր ուսերի վերայ մէկ քար վեր առէք Իսրայէլի որդկանց թիվին համեմատ.  Որ սա ձեր մէջ նշան լինի. որ երբոր էգուց ձեր որդիքը հարցնելու լինեն եւ ասեն. թէ Այս քարերը ի՞նչ են ձեզ համար,  Նորանց ասէք. Որովհետեւ Տիրոջ ուխտի տապանակի առաջիցը Յորդանանի ջուրը կտրուեցաւ. եւ այս քարերը Իսրայէլի որդկանց մէջ յիշատակի համար լինեն յաւիտեան։  Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին ինչպէս որ Յեսուն պատուիրել էր. եւ Յորդանանի միջիցը տասնեւերկու քար վեր առան, ինչպէս որ Տէրը Յեսուին ասել էր Իսրայէլի որդկանց ցեղերի թիւին համեմատ. եւ իրանց հետ իջեւանի տեղը տարին նորանց եւ այնտեղ դրին։  Եւ Յեսուն ուրիշ տասնեւերկու քարեր կանգնեցրեց Յորդանանի մէջ, ուխտի տապանակը վեր առնող քահանաների ոտքերի կացած տեղումը, եւ մինչեւ այս օրը այնտեղ են։ 10  Եւ տապանակը վեր առնող քահանաները կանգնեցին Յորդանանի մէջ մինչեւ որ վերջացաւ այն բոլոր խօսքը, որ Տէրը Յեսուին պատուիրեց ժողովրդին ասելու, ինչպէս որ Մովսէսը բոլորը պատուիրել էր Յեսուին. եւ ժողովուրդը շտապելով անցաւ։ 11  Եւ երբոր բոլոր ժողովուրդը անցնելը վերջացրեց, այն ժամանակ Տիրոջ տապանակը եւ քահանաները ժողովրդի առաջն անցան։ 12  Եւ Ռուբենի որդիքը եւ Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը սպառազինեալ Իսրայէլի որդկանց առաջն անցան, ինչպէս որ Մովսէսն ասել էր նորանց։ 13  Քառասուն հազարի չափ պատրաստուած զօրք Տիրոջ առաջն անցան պատերազմի համար Երիքովի դաշտը։ 14  Նոյն օրը Տէրը մեծացրեց Յեսուին Իսրայէլի աչքի առաջին, եւ նորանից վախենում էին ինչպէս վախեցել էին Մովսէսիցը, նորա կեանքի բոլոր օրերումը։ 15  Եւ Տէրը խօսեց Յեսուի հետ ասելով. 16  Պատուիրիր վկայութեան տապանակը վեր առնող քահանաներին, որ Յորդանանիցը դուրս գան։ 17  Եւ Յեսուն քահանաներին հրամայեց եւ ասեց. Յորդանանիցը վեր եկեք։ 18  Եւ երբոր Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Յորդանանի միջիցը վեր եկան, եւ քահանաների ոտքերի թաթերը ցամաքի վերայ կոխեցին, Յորդանանի ջրերը իրանց տեղը դառան, եւ երէկուայ ու միւս օրուայ պէս իրանց բոլոր եզերքների վերայ գնացին։ 19  Եւ առաջին ամսի տասնին ժողովուրդը Յորդանանիցը դուրս եկաւ , եւ բանակ տուաւ Գաղգաղայի մէջ Երիքովի արեւելեան կողմում։ 20  Եւ այն տասնեւերկու քարը որ վեր առան Յորդանանիցը, Յեսուն Գաղգաղայի մէջ կանգնեցրեց, 21  Եւ ասեց Իսրայէլի որդկանցը. թէ երբոր էգուց ձեր որդիքն իրանց հայրերիցը հարցնելու լինեն եւ ասեն.Այս ի՞նչ քարեր են. 22  Ձեր տղերանցը իմացնէք ասելով. Իսրայէլն այս Յորդանանիցը ցամաքով անցկացաւ. 23  Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ձեր առաջիցը Յորդանանի ջրերը ցամաքեցրեց մինչեւ որ դուք անցաք, ինչպէս որ ձեր Տէր Աստուածը Կարմիր ծովումն էլ արաւ, որ ցամաքեցրեց մեր առաջիցը մինչեւ որ մենք անցանք։ 24  Որպէս զի երկրի բոլոր ազգերը իմանան որ Տիրոջ ձեռքը զօրաւոր է, եւ դուք ձեր Տէր Աստուածանիցը միշտ վախենաք։

Ծանոթագրություններ