Հեսու 6։1-27

6  Եւ Երիքովը Իսրայէլի որդկանց առաջին ամուր կերպով փակուած էր. դուրս եկող ու մտնող չ’կար։  Եւ Տէրը Յեսուին ասեց. Տես՝ ես քո ձեռքն եմ տուել Երիքովը եւ նորա թագաւորին՝ զօրաւոր քաջերին։  Եւ դուք ամեն պատերազմական մարդիկդ քաղաքը շրջապատեցէք մէկ անգամ քաղաքի շուրջը պտոյտ տալով. վեց օր այսպէս անես։  Եւ եօթը քահանաներ եօթը Յոբելեան փողերն առնեն տապանակի առաջին. եւ եօթներորդ օրը քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տաք, եւ քահանաները փողերը հնչեցնեն։  Եւ երբոր Յոբելեան եղջիւրները հնչեցնեն, եւ դուք փողերի ձայնը լսէք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակէ. եւ քաղաքի պարիսպները վայր կ’ընկնեն. եւ ժողովուրդը վեր գնայ ամեն մէկն ուղիղ իր առաջովն։  Եւ Նաւէի որդի Յեսուն քահանաներին կանչեց եւ նորանց ասեց. Վեր առէք ուխտի տապանակը, եւ եօթը քահանայ եօթը Յոբելեան փողեր առնեն Տիրոջ առաջին։  Եւ ժողովրդին ասեց. Անցէք եւ քաղաքը շրջապատեցէք, եւ զինուորները Տիրոջ տապանակի առաջն անցեն։  Եւ երբոր Յեսուն ժողովրդին ասեց, եօթը քահանաները որ եօթը Յոբելեան փողերն ունէին, Տիրոջ առաջն անցնելու փողերը հնչեցրին,եւ Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նորանց ետեւիցը։  Եւ զինուորները գնում էին փողերը հնչեցնող քահանաների առաջիցը, իսկ վերջապահները տապանակի ետեւիցը. եւ գնում ու փողերը հնչեցնում էին։ 10  Եւ Յեսուն ժողովրդին պատուիրեց ասելով. Աղաղակ մի հանէք, եւ ձեր ձայնը չ’լսուի, եւ ձեր բերանիցը մի խօսք դուրս չ’գայ մինչեւ այն օրը որ ես ձեզ ասեմ. թէ Աղաղակեցէք. այն ժամանակ աղաղակեցէք։ 11  Եւ Տիրոջ տապանակը քաղաքի բոլորքովը գնաց մէկ անգամ պտոյտ տալով, եւ եկան բանակը. գիշերը բանակումը մնացին։ 12  Եւ Յեսուն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ քահանաները վեր առան Տիրոջ տապանակը։ 13  Եւ այն եօթը Յոբելեան փողերը կրող եօթը քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առաջում փողերը հնչեցնելով. եւ զինուորները գնում էին նորանց առաջիցը, եւ վերջապահներն էլ գնում էին Տիրոջ տապանակի ետեւիցը, ու քահանաները փողերը հնչեցնում էին։ 14  Եւ երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մէկ անգամ պտոյտ տուին եւ ետ դառան բանակը. վեց օր այսպէս արին։ 15  Եւ եօթներորդ օրը կանուխ վեր կացան արշալոյսը ծագելիս, եւ քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տուին նոյն կերպով. միայն թէ այն օրը եօթն անգամ պտոյտ տուին քաղաքի շուրջը։ 16  Եւ եօթներորդ անգամին եղաւ երբոր քահանաները փողերը հնչեցրին, Յեսուն ժողովրդին ասեց. Աղաղակեցէք. որովհետեւ Տէրն այս քաղաքը ձեզ է տուել։ 17  Եւ քաղաքը եւ բոլոր նորանում եղածը Տիրոջ համար նզովուած լինի, միայն Ռախաբ պոռնիկը ողջ մնայ. ինքը եւ իր հետ իր տան մէջ բոլոր եղողները, որովհետեւ մեր ուղարկած լրտեսներին թաքցրեց։ 18  Բայց դուք զգուշանաք նզովուածիցը. մի գուցէ որ նզովք բերէք նզովուածիցը առնելով, եւ Իսրայէլի բանակը նզովքի մէջ գցելով նորանց փորձանքի հանդիպեցնէք։ 19  Եւ բոլոր արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ համար սուրբ լինեն. Տիրոջ գանձը մտնեն։ 20  Եւ ժողովուրդը. աղաղակեց փողերը հնչուելիս. եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամեն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան. 21  Եւ քաղաքումը եղող բոլոր թէ այր եւ թէ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ, ոչխար եւ էշ սուրի բերանով կոտրատեցին*։ 22  Եւ Յեսուն ասեց այն երկիրը լրտեսող երկու մարդկանցը. Գնացէք այն պոռնիկ կնկայ տունը եւ հանեցէք այնտեղից այն կնկան եւ նորա ամեն ունեցածը, ինչպէս որ նորան երդում արիք։ 23  Եւ այն լրտես երիտասարդները գնացին, եւ հանեցին Ռախաբին եւ նորա հօրը եւ մօրը եւ եղբայրներին եւ նորա ամեն ունեցածը, եւ նորա բոլոր ազգատոհմն էլ հանեցին. եւ նորանց կանգնեցրին Իսրայէլի բանակիցը դուրս։ 24  Եւ քաղաքն այրեցին կրակով եւ բոլոր նորա մէջ եղածը միայն արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ տան գանձի մէջ դրին։ 25  Այսպէս Յեսուն ողջ պահեց պոռնիկ Ռախաբին եւ նորա հօր տունը եւ նորա ամեն ունեցածը, եւ նա Իսրայէլի մէջ բնակուեց մինչեւ այսօր. որովհետեւ նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն ուղարկել էր Երիքովը լրտեսելու համար։ 26  Եւ Յեսուն երդում արաւ այն ժամանակ ասելով. Անիծեալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենայ շինէ այս Երիքով քաղաքը . իր անդրանիկովը նորա հիմերը դնէ, եւ իր կրտսերովը նորա դռները կանգնեցնէ։ 27  Եւ Տէրը Յեսուին հետ էր. եւ նորա համբաւը տարածուեցաւ բոլոր երկրի մէջ։

Ծանոթագրություններ

6։21 Կամ՝ նզովեցին։