Հեսու 9։1-27

9  Եւ երբոր Յորդանանի այս կողմի բոլոր թագաւորները, որոնք սարի վերայ, դաշտի վերայ եւ Մեծ ծովի բոլոր եզերքումը մինչեւ Լիբանանի դէմ կենում էին, այսինքն Քետացիները, Փերեզացիները, Խեւացիները ու Յեբուսացիները լսեցին,  Միաբանութեամբ ժողովուեցան, որ Յեսուի եւ Իսրայէլի դէմ պատերազմեն։  Բայց Գաբաւօնի բնակիչները լսեցին ինչ որ Յեսուն Երիքովին եւ Գայիին արել էր,  Եւ իրանք էլ խորամանկութիւն բանեցրին. գնացին պաշարներ պատրաստեցին, եւ իրանց էշերի վերայ հին քուրձեր եւ հին պատառոտած եւ կարկատած գինիի տիկեր դրին,  Եւ իրանց ոտքերին հինացած ու կարկատած տրեխներ, եւ հին շորեր իրանց վերայ առան. եւ նորանց պաշարի բոլոր հացը չորացած բորբոսնած էր.  Եւ գնացին բանակը՝ Յեսուի մօտ Գաղգաղայումը՝ եւ ասեցին նորան եւ Իսրայէլի մարդկանցը. Մենք հեռու երկրից ենք գալիս. ուստի հիմա մեզ հետ դաշինք դրէք։  Այն ժամանակ Իսրայէլի մարդիկն այն Խեւացիներին ասեցին. Գուցէ դուք մեր մէջ բնակող էք, եւ ձեզ հետ ի՞նչպէս դաշինք դնենք։  Բայց նորանք ասեցին Յեսուին. Մենք քո ծառաներն ենք. եւ Յեսուն նորանց ասեց. Դուք ո՞վ էք, եւ ո՞րտեղից էք գալիս։  Եւ նորան ասեցին. Քո ծառաները շատ հեռու երկրից ենք գալիս քո Եհովայ Աստուծոյ անունի համար, որովհետեւ նորա համբաւը եւ Եգիպտոսի մէջ բոլոր արածները լսեցինք։ 10  Ու նաեւ ամեն ինչ որ արաւ Յորդանանի այն կողմին Ամօրհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Աստարովթումը Բասանի Ովգ թագաւորին. 11  Եւ մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասեցին, թէ ձեր ձեռքը ճանապարհի համար պաշար առէք, եւ գնացէք նորանց դիմաւորելու եւ նորանց ասեցէք. Մենք ձեր ծառաներն ենք. հիմա մեզ հետ դաշինք դրէք։ 12  Այս մեր հացերը տաք էին, որ մենք պաշար վեր առանք մեր տներիցն այն օրը որ դուրս եկանք ձեզ մօտ գալու, եւ ահա հիմա նորանք չորացած եւ բորբոսնած են։ 13  Եւ այս գինիի տիկերը նոր էին, երբոր լցրինք,բայց ահա պատառոտած են. եւ մեր այս հանդերձները եւ տրեխները ճանապարհի շատ երկայնութեան համար հինացան։ 14  Եւ մարդիկը վեր առան նորանց այն պաշարի պատճառով, իսկ Տիրոջը չ’հարցրին։ 15  Եւ Յեսուն նորանց հետ խաղաղութիւն արաւ, եւ նորանց հետ ուխտ դրաւ որ նորանց ողջ պահէ. եւ ժողովքի իշխաններն էլ երդում արին նորանց։ 16  Եւ նորանց հետ դաշինք դնելուց երեք օր յետոյ լսեցին, որ նորանք իրանց դրացիներն են, եւ իրանց մէջ են բնակվում։ 17  Եւ Իսրայէլի որդիքը չուեցին եւ երրորդ օրը նորանց քաղաքները եկան, եւ նորանց քաղաքներն էին՝ Գաբաւօն, Կեփիրա, Բերովթ եւ Կարիաթարիմ։ 18  Եւ Իսրայէլի որդիքը նորանց չ’զարկեցին, որովհետեւ ժողովքի իշխանները Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում էին արել. բայց բոլոր ժողովքը տրտնջեցին իշխանների դէմ։ 19  Եւ իշխանների ամենքը բոլոր ժողովքին ասեցին. Մենք Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում արինք, եւ հիմա չենք կարող նորանց դպչել։ 20  Նորանց այսպէս անենք՝ այսինքն նորանց ողջ թողենք, որ մեզ վերայ բարկութիւն չ’գայ այն երդումի համար որ մենք արինք նորանց։ 21  Եւ իշխաններն ասեցին նորանց. Թող ողջ մնան, բայց բոլոր ժողովքի համար փայտ կտրողներ եւ ջրկիրներ լինեն. եւ եղան՝ ինչպէս որ իշխաններն ասեցին նորանց։ 22  Եւ Յեսուն նորանց կանչեց, եւ նորանց հետ խօսեց ասելով. Ինչու՞ համար մեզ խաբեցիք եւ ասեցիք. թէ Ձեզանից շատ հեռու ենք. քանի որ դուք մեր մէջն էք բնակվում։ 23  Եւ հիմա դուք անիծեալ էք, եւ ձեզանից փայտ կտրող եւ ջրկիր ծառայ չ’պակասի իմ Աստուծոյ տանը։ 24  Եւ նորանք Յեսուին պատասխանեցին եւ ասեցին. Որովհետեւ քո ծառաները ստուգիւ իմացան, որ քո Տէր Աստուածն իր ծառայ Մովսէսին հրամայել է որ այս բոլոր երկիրը ձեզ տայ, եւ այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջիցը բնաջինջ անէ, ուստի մենք ձեր պատճառովը մեր անձերի համար շատ վախեցանք եւ այս բանն արինք։ 25  Եւ ահա հիմա քո ձեռքին ենք. քեզ ինչ հաճոյ եւ արդար երեւայ այն արա մեզ։ 26  Եւ նորանց այնպէս արաւ, եւ նորանց Իսրայէլի որդկանց ձեռքիցն ազատեց, եւ նորանց չ’մեռցրին։ 27  Եւ Յեսուն նոյն օրը փայտ կտրող եւ ջրկիր արաւ նորանց ժողովքի եւ Տիրոջ սեղանի համար մինչեւ այս օրը այն տեղում, որ նա կ’ընտրէ։

Ծանոթագրություններ