Հոբ 1։1-22

1  Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից։  Եւ նորա համար եօթը որդիք եւ երեք աղջիկ ծնուեցան։  Եւ նորա խաշինքն էին՝ եօթը հազար ոչխար, երեք հազար ուխտ, հինգ հարիւր լուծ եզ եւ հինգ հարիւր մատակ էշ եւ խիստ շատ ծառաներ. եւ այդ մարդը բոլոր արեւելցիներից մեծ էր։  Եւ նորա որդիքը գնում եւ խնջոյք էին անում տանը՝ ամեն մէկն իր օրին. եւ մարդ էին ուղարկում եւ կանչում իրանց երեք քոյրերինի, որ իրանց հետ ուտեն եւ խմեն։  Եւ երբոր խնջոյքի օրերը լրանում էին, այն ժամանակ Յոբն ուղարկում՝ նորանց սրբում էր. եւ առաւօտանց վեր էր կենում եւ ողջակէզներ էր մատուցանում նորանց ամենի թիւովը. որովհետեւ Յոբն ասում էր. Գուցէ որդիքս մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը. Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ։  Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։  Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։  Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Հոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող։  Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Հոբը ձրի է աստուածավախ. 10  Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։ 11  Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. եւ տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։ 12  Եւ Տէրն ասեց սատանային. ահա նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի, միայն թէ նորա վերայ չ’երկարացնես ձեռքդ։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը։ 13  Եւ եղաւ որ մի օր նորա որդիքն ու նորա աղջկերքը ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը։ 14  Եւ մէկ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակ էշերը նորանց կշտին արածելիս, 15  Սաբայեցիք յարձակուեցան եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով. եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։ 16  Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. ու մինակ ես եմ ազատաուել որ քեզ իմացնեմ։ 17  Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Քաղդէացիք երեք գունդ շինուած՝ յարձակուեցան ուղտերի վերայ եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով, եւ մինակ ես ազատուել որ քեզ իմացնեմ։ 18  Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Որդիքդ եւ աղջկերքդ ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը. 19  Եւ ահա մի մեծ հողմ եկաւ անապատի այն կողմից եւ դիպաւ տան չորս անկեանը, եւ տունը վայր ընկաւ տղոց վերայ, եւ նորանք մեռան. եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։ 20  Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ, 21  Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ։ Տիրոջ անունը օրհնեալ լինի։ 22  Այս ամենի մէջ Հոբը չ’մեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չ’տուաւ։

Ծանոթագրություններ