Հոբ 11։1-20

11  Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.  Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.  Քո բարբանջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չ’լինի՞։  Որ ասում ես. Իմ խրատը մաքուր է. եւ իստակ եմ քո աչքի առաջին։  Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.  Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. ուրեմն իմացիր որ Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։  Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։  Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կ’անես դու. դժոխքից խոր է նա, ի՞նչ կ’հասկանաս։  Նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։ 10  Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, ո՞վ նորան ետ կ’պահէ. 11  Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։ 12  Բայց փուճ մարդը մտածում է մէծամէծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։ 13  Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես, 14  Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չ’բնակուէ։ 15  Ահա այն ժամանակ կ’բարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կ’լինիս եւ չես վախենայ։ 16  Որովհետեւ թշուառութիւնը կ’մոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կ’գայ. 17  Եւ կեանքը կէսօրից պայծառ կը կանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։ 18  Եւ դու ապահով կ’լինիս, որովհետեւ յոյս կայ. եւ խորը կ’մտնես՝ ապահով կ’ քնես. 19  Եւ կ’պառկես, ու վախեցնող չի լինիլ. եւ շատերը քեզ կ’աղաչեն։ 20  Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է։

Ծանոթագրություններ