Հոբ 12։1-25

12  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Արդարեւ դուք էք միայն ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։  Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. եւ այսպիսի բաներ ո՞վ չ’գիտէ։  Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. ծաղրվում է արդարը՝ կատարեալը։  Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։  Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։  Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։  Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կ’սովորեցնէ, եւ քեզ կ’պատմեն ծովի ձկները։  Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները։ 10  Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։ 11  Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում։ 12  Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։ 13  Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։ 14  Տես՝ նա կ’քանդէ, ու չի շինուիլ. մէկի վերայ կ’կողպէ, ու չի բացուիլ։ 15  Տէս՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։ 16  Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է, նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։ 17  Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուածի, եւ դատաւորներին՝ յիմարացած։ 18  Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։ 19  Նա ման է ածում քահանաներին կողոպտուածի, եւ զօրաւորներին կործանում է։ 20  Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։ 21  Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։ 22  Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։ 23  Ազգերին յաջողութիւն է տալիս*, եւ նորանց կորցնում է. փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։ 24  Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց անճանապարհ անապատում։ 25  Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չ’ունին. եւ նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։

Ծանոթագրություններ

12։23 Կամ՝ բազմացնում է։