Հոբ 17։1-16
17 Շունչս նուաղել է, օրերս հանգչում են. գերեզմաններն պատրաստ են ինձ համար։
2 Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մօտ են, եւ իմ աչքը անդադար տեսնում է նորանց հակառակութիւններն։
3 Ապահովիր, դու իմ երաշխաւորը եղիր քեզ մօտ. ո՞վ կայ որ ձեռքիցս բռնէ։
4 Որովհետեւ դու ծածկեցիր իմաստութիւնը նորանց սրտիցը, դորա համար դու չէս բարձրացնել նորանց։
5 Ով որ կողոպտուելու մատնէ իր ընկերներին, նորա որդկանց աչքերը պիտի նուաղին։
6 Եւ նա ինձ առակ է շինել ժողովուրդներին, եւ ես զզուանք եմ դառել նորանց առաջին։
7 Նաեւ պղտորել է աչքս տրտմութիւնից, եւ բոլոր անդամներս ստուերի պէս են։
8 Ուղիղները սոսկում են սորա վերայ, եւ անմեղը գրգռվում է կեղծաւորի պատճառովը։
9 Իսկ արդարը պինդ կ’բռնէ իր ճանապարհը, եւ մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կ’զօրանայ։
10 Բայց դուք ամենքդ էլ դարձեալ եկեք, եւ ես ձեզանում իմաստուն չեմ գտնում։
11 Օրերս անց են կացել, խափանուել են իմ դիտաւորութիւններն իմ սրտի խորհուրդները։
12 Գիշերը փոխում են ցերեկի, իբր թէ լոյսը մօտ է՝ խաւարի առաջին։
13 Թէեւ սպասեմ, դժոխքն է իմ տունը. խաւարումը պիտի ձգեմ իմ անկողինը։
14 Ապականութեանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք։
15 Եւ հիմա ո՞ւր է իմ յոյսը. եւ իմ յոյսը ո՞վ է տեսնելու։
16 Գերեզմանի* նիգերի մօտ պիտի իջնէ, երբոր միասին կ’հանստանանք հողի վերայ։
Ծանոթագրություններ
^ 17։16 Կամ՝ մեռելների բնակարանի. Գրաբ.՝ դժոխքի։