Հոբ 19։1-29

19  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնէք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով։  Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չէ՞ք ամաչում՝ ինձ ապշեցնում էք։  Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ’մնայ իմ սխալմունքը։  Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար։  Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել։  Ահա ես աղաղակում եմ՝ զրկա՜նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ’կայ։  Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել։  Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս։ 10  Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը։ 11  Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում։ 12  Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իմ վրանի շուրջը։ 13  Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանօթներն էլ օտարացել են ինձանից։ 14  Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ։ 15  Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին։ 16  Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան։ 17  Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը։ 18  Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս։ 19  Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ։ 20  Մորթիս եւ մարմնիս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել։ 21  Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետեւ Աստուծոյ ձեռքը դպել է ինձ։ 22  Ի՞նչու էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը։ 23  Ոհ երանի՜ թէ գրուէին խօսքերս, երանի՜ թէ քանդակուէին մի գրքի մէջ։ 24  Երկաթի գրիչով եւ կապարով, փորագրուէին քարի վերայ յաւիտեան։ 25  Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ։ 26  Եւ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն։ 27  Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը։ 28  Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը։ 29  Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետեւ անիրաւութիւնների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ։

Ծանոթագրություններ