Հոբ 2։1-13

2  Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։  Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։  Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող, եւ տակաւին բռնած է իր կատարելութիւնը, թեպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու։  Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։  Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։  Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թե նորա կեանքը պահիր։  Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։  Եւ նա մի խեցի առած քերվում էր նորանով, եւ նստած էր մոխրի մէջ։  Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։ 10  Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց իր շրթունքովը։ 11  Եւ Յոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքը, որ եկել էր նորա վերայ. եւ եկան ամեն մէկն իր տեղիցը՝ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին* եւ Սոփար Նաամացին. եւ համաձայնուեցան միասին, որ գնան նորան ցաւակից լինին եւ նորան մխիթարեն։ 12  Եւ հեռուանց բարձրացրին իրանց աչքերը եւ նորան չ’ճանաչեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով լացին. եւ ամեն մէկն իր պատմուճանը պատառելով՝ հող ցանեցին իրանց գլխներին դէպի երկինքը։ 13  Եւ նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր, եւ նորա հետ մի խօսք չէին խօսում. որովհետեւ տեսան որ ցաւը շատ սաստիկ էր։

Ծանոթագրություններ

2։11 Կամ՝ Սովեցին։ տես Ծն. 25:2։ ա Մն. 1:32։