Հոբ 21։1-34
21 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.
3 Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։
4 Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չ’նեղանայ։
5 Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ։
6 Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս։
7 Ի՞նչու են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով։
8 Նորանց սերունդը հաստատ է նորանց հետ նորանց առաջին, եւ նորանց զաւակունքը՝ նորանց աչքի դէմ։
9 Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ։
10 Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չէ վիժում։
11 Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են։
12 Ձայները բարձրաձնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը։
13 Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը* կ’իջնեն։
14 Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում։
15 Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք։
16 Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից։
17 Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ’հանգչի, եւ նորանց վերայ կ’գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ’բաժանէ իր բարկութեամբը։
18 Նորանք կ’դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը։
19 Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ։
20 Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.
21 Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է։
22 Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է։
23 Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.
24 Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է։
25 Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել։
26 Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց։
27 Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ։
28 Որ ասում էք. Ո՞ւր է ազնուականի տունը եւ ո՞ւր է ամբարիշտների բնակութիւնների վրանը։
29 Չէ՞ք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չէ՞ք հասկանում.
30 Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում։
31 Ո՞վ կ’իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կ’հատուցանէ նորան։
32 Եւ նա տարվում է գերեզմանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում։
33 Քաղցր եննորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ’կայ։
34 Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն։
Ծանոթագրություններ
^ 21։13 Կամ՝ մեռելների բնակարանը. Գրաբ. դժոխքը։