Հոբ 24։1-25
24 Ի՞նչու համար ժամանակները Ամենակարողից ծածկուած չ’լինելով, նորան ճանաչողները չեն տեսնում նորա օրերը։
2 Սահմանները փոխում են, հօտեր են յափշտակում եւ արածեցնում։
3 Որբերի էշը քշում են տանում, որբեւայրիի եզը գրաւ են առնում։
4 Մոլորեցնում են աղքատներին ճանապարհիցը, մէկտեղ թաք են կենում երկրի թշուառները։
5 Ահա նորանք վայրի էշերի պէս դուրս են գալիս իրանց գործին, որս ման գալու առաւօտանց, անապատը հաց է տալիս նորանց տղայոց համար։
6 Իրանցը չ’եղած արտը հնձում են, եւ ամբարշտի այգին են քաղում։
7 Մերկ անց են կացնում գիշերը առանց հանդերձի, եւ առանց զգեստի են ցրտումը։
8 Լեռների սաստիկ անձրեւներիցը թրջվում են, եւ ապաստան չ’ունենալով ժայռին են կպչում։
9 Պոկում են ստինքից որբին. եւ աղքատիցը գրաւ են առնում։
10 Մերկ ման են գալիս առանց հագուստի, եւ անօթի սոված խուրձ են կրում։
11 Իրանց պատերի մէջտեղը իւղ են հանում, հնձաններ են կոխում, բայց ծարաւ մնում։
12 Քաղաքիցը մարդիկ հեծում են, եւ վիրաւորուածների հոգին աղաղակում է, եւ Աստուած սա անզգամութիւն չէ համարում։
13 Նորանք լոյսի հակառակորդներ են, նորա ճանապարհները չեն ճանաչում, եւ չեն կենում նորա շաւիղներումը։
14 Արշալուսին է վեր կենում մարդասպանը, սպանում է աղքատին եւ տնանկին, եւ գիշերը գողի նման է դառնում։
15 Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում։
16 Մութով ծակում են այն տները, որոնց ցերեկով նշան են արել. նորանք լոյս չ’գիտեն։
17 Որովհետեւ նորանց ամենի համար առաւօտը մահու ստուեր է. որովհետեւ նորանք ճանաչում են մահու ստուերի սոսկումները։
18 Նա թեթեւ է ջրի երեսին, նորանց բաժինը անիծեալ է երկրի վերայ. չէ դառնում դէպի այգիների ճանապարհը։
19 Երաշտութիւնն ու տաքութիւնը յափշտակում են ձիւնի ջուրերը, գերեզմանն* էլ՝ մեղք գործողներին։
20 Որովայնը մոռանար նորան, որդերը ճաշէի՜ն նորան, նա այլեւս չ’յիշուի՜, եւ փշրուի՜ նորա ամբարշտութիւնը ծառի նման.
21 Որ չարչարում է չբերք ամուլին, եւ որբեւայրիին բարիք չէ անում։
22 Եւ քաշում է զօրաւորներին էլ իր ուժովը. Նա վեր կենալիս՝ ոչ ով ապահով չէ իր կեանքի մասին։
23 Բայց նա տալիս է նորան ապահովութեամբ, որ նորան վստահէ, իսկ նորա աչքերը նորանց ճանապարհների վերայ է։
24 Մի քիչ բարձրացան, բայց ոչնչացան. գլորուեցան ամենքի պէս եւ խորտակուեցան, եւ հասկի գլխի պէս կտրուեցան։
25 Եթէ այսպես չէ. ո՞վ է իմ սուտը հանում, եւ իմ խօսքը ոչնչացնում։
Ծանոթագրություններ
^ 24։19 Կամ՝ մեռելների բնակարան. Գրաբ.՝ դժոխքն։