Հոբ 27։1-23

27  Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.  Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.  Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,  Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չ’խօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չ’խորհէ։  Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։  Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։  Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, եւ իմ հակառակորդը անզգամի պէս։  Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։  Մի՞թէ նորա աղաղակը կ’լսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։ 10  Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։ 11  Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։ 12  Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։ 13  Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։ 14  Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. եւ նորա զաւակունքը պիտի չ’կշտանան հացով։ 15  Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։ 16  Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ, 17  Նա կ’պատրաստէ, բայց արդարը կ’հագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։ 18  Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։ 19  Հարուստ կ’պառկէ, բայց միւսանգամ չի անիլ*. աչքերը կ’բանայ, եւ էլ նա չէ։ 20  Արհաւիրքը ջրերի պէս կ’հասնէ նորան. գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։ 21  Արեւելեան քամին նորան վեր կ’առնէ, որ նա գնայ. եւ փոթորիկով նորան կ’թռցնէ իր տեղիցը։ 22  Կ’գցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. նորա ձեռքիցը նա կ’փախչէ այստեղ այնտեղ։ 23  Նորա վերայ ծափ կ’տան, եւ կ’սուլեն նորան իր տեղիցը։

Ծանոթագրություններ

27։19 Ոմանք՝ չի ամփոփուիլ։