Հոբ 28։1-28
28 Արդարեւ արծաթը երակ ունի. եւ ոսկին՝ տեղ, ուր որ նորան զտում են.
2 Երկաթը հողիցն է առնվում, եւ քարը հալվում է պղինձ դառնում։
3 Մարդը վախճան է դնում խաւարին, եւ նա բոլորովին կատարելապէս քննում է քարը խաւարումը եւ մահի ստուերումը։
4 Քանդում է հորը բնակողի կշտին, ոտքից մոռացուած տեղերը. կախ են ընկնում մարդկանցից օրորվում։
5 Երկիրը՝ որից դուրս է գալիս հաց, իսկ նորա տակը իբր թէ կրակով է քանդուած.
6 Նորա քարերը շափիւղայի տեղն է, եւ ոսկիի աւազ կայ նորանում։
7 Նորա ճանապարհը չ’գիտէ յափշտակող թռչունը, եւ անգղի աչքը նորան չէ տեսել։
8 Նորան չեն կոխ տուել խրոխտ գազանները. առիւծը չէ անց կացել նորա վերայ։
9 Նա ապառաժին է ձեռնամուխ լինում, սարերն՝ արմատիցը տապալում.
10 Ժայռերումը ջրմուղներ է ճղոտում, եւ նորա աչքը տեսնում է ամեն թանկագին բան։
11 Գետերին արգելում է ծորելուց, եւ գաղտուկը հանում է լոյս աշխարհ։
12 Բայց իմաստութիւնը ո՞րտեղ է գտնվում, եւ ո՞րն է հանճարի տեղը։
13 Մարդս չ’գիտէ նորա արժէքը, եւ նա չի գտնուիլ կենդանեաց երկրումը։
14 Անդունդն ասում է. Նա ինձանում չէ, եւ ծովն ասում է. Ինձ մօտ չ’կայ։
15 Նորա փոխարէն ամենամաքուր ոսկին չի տրուիլ, եւ արծաթը չի վճարուիլ իբրեւ նորա գինը։
16 Նա Ոփիրի ոսկիով չի գնահատուիլ, եւ ոչ պատուական եղնգնաքարով ու շափիւղայով։
17 Նորան չ’արժեն ոսկի ու ակնվանի, եւ նա չի փոխուիլ ոսկեկուռ անօթների հետ։
18 Բուստն ու բիւրեղը չեն էլ յիշուիլ. եւ իմաստութեան ստացուածքը մարգարիտներից առաւել է։
19 Նորան չ’արժէ Եթէովպայի տպազիոնը. մաքուր ոսկիով նա չի գնահատուիլ։
20 Ուրեմն իմաստութիւնը ո՞րտեղից է գալիս, եւ ո՞րն է հանճարի տեղը։
21 Նա ծածկուած է բոլոր կենդանիների աչքերից էլ, եւ երկրի թռչուններիցն էլ թաքցուած է։
22 Կորուստն ու մահն ասում են, մենք միայն նորա համբաւն ենք լսել ականջներովս.
23 Աստուած գիտէ նորա ճանապարհը, եւ նա է ճանաչում նորա տեղը։
24 Որովհետեւ նա է մինչեւ երկրի ծայրերը նայում. բոլոր երկնքի տակը տեսնում է։
25 Քամին կշիռ դնելիս, եւ ջուրերը չափով չափելիս,
26 Անձրեւի համար օրէնք շինելիս, եւ ճանապարհ՝ որոտալից կայծակի համար.
27 Այն ժամանակ նա տեսել ու համարել* է նորան, պատրաստել եւ քննել է նորան.
28 Եւ մարդին ասել է. Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է։
Ծանոթագրություններ
^ 28։27 Կամ՝ յայտնել։