Հոբ 3։1-26

3  Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թե՝ Արու զաւակ գոյացաւ։  Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չ’որոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չ’ծագէ։  Խաւարն ու մահուան ստուերը նորան սեփհականեն. ամպը նստի նորա վերայ. օրուան մէգը նորան զարհուրեցնէ։  Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. չ’ուրախանայ նա տարուայ օրերի հետ. ամիսների թիւի մէջը չը մտնէ։  Ահա այն գիշերը ամայի մնայ. ուրախութիւն չ’մտնէ նորա մէջը։  Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։  Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լույսի սպասէ, եւ չ’լինի. եւ արեւագալի թարթիչները չ’տեսնէ. 10  Որ չ’գոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չ’ծածկեց տառապանքն իմ աչքերից։ 11  Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չ’մեռայ. որովայնից ելած չ’վախճանուեցայ։ 12  Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմավորեցին, եւ ինչու ստինքը, որ ես ծծեմ։ 13  Որովհետեւ հիմա պառկած էի եւ կ’հանգչէի, կ’քնանայի. ուրեմն հանգիստ կ’լինեի, 14  Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար. 15  Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. որոնք իրանց տները լցրին արծաթով. 16  Կամ թաղուած վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լույս չ’տեսան։ 17  Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները. 18  Կապուածները հանգստանում են միասին, հակահանի ձայնը չեն լսում. 19  Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։ 20  Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք. 21  Որոնք սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. եւ նորան գանձերից աւելի են որոնում։ 22  Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել. 23  Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ Աստուած փակել է նորա շրջապատը։ 24  Որովհետեւ հացիս փոխարէն* հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։ 25  Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։ 26  Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. եւ վրդովումն է եկել։

Ծանոթագրություններ

3։24 Կամ՝ հացիցս առաջ։