Հոբ 30։1-31

30  Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։  Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։  Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.  Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.  Որոնք ընկերութիւնից դուրս են արվում, եւ որոնց վերայ իբրեւ գողի վերայ գոչում են։  Սոսկալի ձորերում էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.  Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.  Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։  Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։ 10  Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ երեսիցս թուքը չեն խնայում։ 11  Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։ 12  Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։ 13  Նորանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չ’ունին։ 14  Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։ 15  Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։ 16  Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։ 17  Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։ 18  Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։ 19  Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։ 20  Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։ 21  Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։ 22  Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փշացնում ես մրրիկով։ 23  Ստոյգգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։ 24  Արդարեւ աղաչանք չ’կայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս*։ 25  Մի՞թէ ես չեմ լացե օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։ 26  Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։ 27  Աղիքներս եռացին եւ չ’հանդարտուեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։ 28  Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։ 29  Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։ 30  Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։ 31  Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։

Ծանոթագրություններ

30։24 Կամ՝ Բայց նա աւերմունքի վերայ չ’պիտի ձեռք երկարացնէ, եթէ կորստեան ժամանակ նորանք աղաչեն։