Հոբ 34։1-37
34 Եւ Եղիւսը պատասխանելով ասեց.
2 Լսեցէք իմ խօսքը, ով իմաստուններ, եւ ով գիտուններ, ականջ դրէք ինձ։
3 Որովհետեւ ականջը կ’որոշէ խօսքերը, եւ քիմքը կ’առնէ կերակուրի համը։
4 Իրաւունք ընտրենք մեզ համար. իմանանք մեր մէջ, թէ ի՞նչն է բարի։
5 Որովհետեւ Յոբն ասեց. Արդար եմ. բայց Աստուած մերժեց իր իրաւունքը։
6 Իրաւունքիս դեմ ստե՞մ. անբուժելի է իմ վէրքը*՝ առանց յանցանքի։
7 Ո՞ր մարդը կայ Յոբի նման, որ հայհոյութիւնը խմում է ջրի պէս։
8 Եւ գնում է ընկերանում չարագործների հետ, եւ ման գալիս ամբարիշտ մարդկանց հետ.
9 Որովհետեւ ասեց. Օգուտ չ’ունի մարդս, Աստուծոյ հաճութեան մէջ լինելով։
10 Սորա համար, ով իմաստուն մարդիկ, ինձ լսեցէք, քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն։
11 Որովհետեւ մարդս անում է, եւ Աստուած վճարում է նորան. եւ մարդիս ճանապարհին համեմատ գտնել է տալիս նորան։
12 Բայց յիրաւի Աստուած անօրէնութիւն չի անիլ, եւ Ամենակարողը չի ծռիլ իրաւունքը։
13 Ո՞վ յանձնեց նորան երկիրը, եւ ո՞վ կարգի դրաւ բոլոր աշխարհքը։
14 Եթէ նա իրան վերայ դարձնէ իր սիրտը, իր հոգին եւ իր շունչը ժողովէ իրան մօտ.
15 Ամեն մարմին միասին կ’մեռնի, եւ մարդս հողը կ’դառնայ։
16 Եւ եթէ խելք ունիս, լսիր այս բաները. ականջ դիր իմ խօսքերի ձայնին։
17 Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.
18 Նա որ թագաւորին ասում է*. Ով անպիտան. ազնուականներին՝ Ով չար։
19 Նա որ իշխաններին աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։
20 Մէկ վայրկեանում կ’մեռնեն, եւ մի կէս գիշերում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, եւ զօրաւորներն անց են կենում՝ առանց ձեռք դպչելու։
21 Որովհետեւ նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է։
22 Ոչ խաւար կայ, եւ ոչ մահուան ստուեր, որ այնտեղ թաքչուէին չարագործները։
23 Որովհետեւ մարդիս էլ չէ ստիպում, որ դատի համար Աստուծոյ մօտ գնայ։
24 Նա փշրում է մեծամեծներին առանց քննութեան, եւ ուրիշներին՝ դնում նորանց տեղը։
25 Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են։
26 Որովհետեւ անզգամ մարդիկ են. ծեծում է նորանց հանդիսատեսների տեղումը.
27 Նորա համար որ նորան հետեւելուցը հեռացան, եւ նորա բոլոր ճանապարհներին խելամուտ չ’եղան։
28 Այնպէս որ նորա մօտ գնաց աղքատի աղաղակը. եւ նա զրկեալների աղաղակը լսեց։
29 Եւ եթէ նա հանգստացնէ, ո՞վ է կարող նեղել, եւ եթէ նա երեսը ծածկէ, ո՞վ է կարող նորան տեսնել. թէ մի ազգի համար, թէ մէկ մարդի համար՝ մէկ է։
30 Որպէսզի չ’թագաւորէ կեղծաւորը, եւ ժողովրդի որոգայթ չ’լինի։
31 Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ Ինձ բարձրացրի.* էլ չարութիւն չեմ անիլ.
32 Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։
33 Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. ինչ որ գիտես՝ ասիր։
34 Իմաստուններն ինձ կ’ասեն, նոյնպէս եւ գիտուն մարդը՝ որ ինձ լսում է,
35 Թէ Յոբը գիտութիւնով չէ խօսել, եւ նորա խօսքերը իմաստութեամբ չեն.
36 Ոհ եթէ Յոբը փորձուէր իսպառ, ամբարիշտ մարդկանց պէս տուած պատասխանների համար։
37 Որովհետեւ մեղքի վերայ յանցանք աւելացրեց. մեր միջում ծափ է տալիս, եւ շատացնում է իր խօսքերը Աստուծոյ դէմ։