Հոբ 36։1-33

36  Եւ Եղիուսը շարունակելով ասեց.  Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։  Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։  Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։  Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։  Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կ’տայ։  Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կ’դնէ յաւիտեան, եւ նորանք կ’բարձրանան։  Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,  Այն ժամանակ կ’յայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։ 10  Եւ նա կ’բանայ նորանց ականջը խրատի, եւ կ’պատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։ 11  Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կ’վերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։ 12  Բայց եթէ չ’լսեն, սրով կ’անցնեն, եւ կ’մեռնեն առանց հասկացողութեան։ 13  Եւ սրտով կեղծաւորները բարկութիւն կ’դիզեն. չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։ 14  Նորանց անձը կ’վախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։ 15  Իսկ նա աղքատին կ’ազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կ’բանայ նորա ականջը։ 16  Քեզ էլ կ’հանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չ’կայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կ’լինէր։ 17  Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։ 18  Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։ 19  Մի՞թէ նա մի բանի տեղ կ’դնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։ 20  Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կ’տեղահանէ։ 21  Զգուշացիր, որ չ’դառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։ 22  Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։ 23  Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կ’համարձակուի ասել. Անիրաւութիւն արիր։ 24  Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։ 25  Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։ 26  Ահա Աստուած մեծ է, եւ մենք չ’գիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։ 27  Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. նորաքն էլ անձրեւ են թափում մռայլիցը. 28  Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։ 29  Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։ 30  Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։ 31  Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։ 32  Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը*, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։ 33  Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։

Ծանոթագրություններ

36։32 Եբր.՝ լոյսը։