Հոբ 39։1-30

39  Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։  Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը։  Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, եւ ձգում են իրանց ցաւերը։  Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։  Ո՞վ է ազատ բաց թողել ցիռը, եւ վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,  Որի տունը շինեցի անապատը, եւ աղադաշտը նորա բնակարանները.  Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.  Ման է գալիս սարերում իր արօտում, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։  Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամ թէ կ’օթեւանէ՞ քո մսուրի մօտ. 10  Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կ’տափանէ՞ խորտ ու բորտերը։ 11  Կ’վստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. եւ գործդ նորան կ’յանձնե՞ս։ 12  Կ’հաւատա՞ս նորան թէ քո ցանածը կ’բերէ, եւ քո կալը կ’ժողովէ։ 13  Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։ 14  Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։ 15  Եւ մոռանում է, որ մի ոտք կ’կոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կ’անեն։ 16  Նա անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չ’ունի։ 17  Որովհետեւ Աստուած զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։ 18  Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։ 19  Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։ 20  Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։ 21  Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։ 22  Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։ 23  Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։ 24  Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։ 25  Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։ 26  Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։ 27  Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու բարձրերումը դնում իր բոյնը։ 28  Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։ 29  Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։ 30  Նորա ձագերն էլ արիւն են ծծում. եւ ուր որ դիակներն են լինում, նա այնտեղ է։

Ծանոթագրություններ