Հոբ 4։1-21
4 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասաց.
2 Թէ որ փորձենք քեզ մէկ խօսք ասելու, կ’ժուարանա՞ս. եւ ո՞վ է կարող ինքն իրան զսպել որ չ’խօսէ։
3 Ահա դու շատերին ես խրատել, եւ տկար ձեռքերը՝ զօրացրել։
4 Սասանողին կանգնեցրել են քո խօսքերը, եւ ծռած ծունկերը դուն կազդուրել ես։
5 Բայց հիմա որ քեզ է պատահել, դժուարանում ես. քեզ դիպաւ, եւ դու վրդովում ես։
6 Մի՞թէ քո երկիւղածութիւնը չէ քո յոյսը, եւ քո ճանապարհների կատարելութիւնը՝ քո ակնկալութիւնը։
7 Յիշիր, թէ ո՞ր անմեղն է կորել. եւ ո՞րտեղ են արդարները բնաջինջ եղել։
8 Ինչպէս որ տեսայ անօրէնութիւն հերկողները եւ անիրաւութիւն սերմանողները նոյնն են հնձում։
9 Աստուծոյ շունչիցը կորչում են, եւ նորա բարկութեան ոգուցը՝ փչանում։
10 Առիւծին մռնչիւնը եւ գոռացող առիւծի ձայնը կտրուեցաւ, եւ կորիւնների ատամները կորան։
11 Առիւծը կորչում է առանց որսի, եւ մատակ առիւծի կորիւնները ցրվում են։
12 Եւ գաղտուգողի մէկ խօսք ասուեցաւ ինձ, եւ իմ ականջը նորանից մի շշունչ առաւ.
13 Գիշերուայ երեւակայութիւնների մտայուզութիւնների ժամանակին, մարդկանց վերայ խոր քուն ընկնելիս.
14 Երկիւղ պատահեց ինձ եւ դողում, եւ շարժեց իմ բոլոր ոսկերքը.
15 Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։
16 Նա կանգնեց, եւ ես չ’ճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի, թէ
17 Մի՞թէ մարդը Աստուածանից արդար է, կամ մի այր՝ իր Արարչիցը մաքո՞ւր։
18 Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում, եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում.
19 Ո՞ւր մնացին կաւեղէն տներում բնակողները, որոնց հիմունքը փոշիի մէջ է, եւ որոնք ջարդվում են ցեցի նման։
20 Առաւօտից մինչեւ երեկոյ փշրվում են, առանց մէկի ուշադրութեան կորչում են յաւիտեան։
21 Ահա նորանց լարը կ’կտրուի*, եւ նորանք կ’մեռնեն, այն էլ ոչ իմաստութեամբ։
Ծանոթագրություններ
^ 4։21 Կամ՝ վրանի պարանը կխլուի, կամ՝ փառաւորութիւնը կ’վերցուի։