Հոբ 40։1-24
40 Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
2 Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
3 Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
4 Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5 Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
6 Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
7 Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
8 Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
9 Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
10 Մէկ զարդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
11 Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
12 Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
13 Թաղիր նորանց միասին հողի մէջը, եւ նորանց երեսները կապիր ծածկոցով.
14 Այն ժամանակ ես էլ քեզ կ’գովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
15 Ահա Բեհեմովթը*, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
16 Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
17 Նա ծռում է իր ագին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։
18 Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
19 Նա Աստուծոյ գործերի* գլխաւորն է. նորա Արարիչը կ’մօտեցնէ նորան իր սուրը։
20 Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
21 Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
22 Նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
23 Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. ապահով է նա եթէ Յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
24 Նորա աչքի առաջին նա կ’բռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։