Հոբ 6։1-30

6  Եւ Յոբը պատասխանելով ասեց.  Ո՜հ եթէ կշռով կշռուէր իմ տրտմութիւնը, եւ իմ ցաւերը միանգամայն կշռքի մէջ դրուէին։  Որովհետեւ հիմա ծովերի աւազիցը ծանր է. նորա համար իմ խօսքերը բարբանջանք են.  Որովհետեւ Ամենակարողի նետերն ինձանում են, նորանց թոյնը ծծում է իմ հոգիին, Աստուծոյ արհաւիրքները շարուել են ինձ դէմ։  Մի՞թէ ցիռը կ’զռայ խոտի կշտին. կամ եզը կ’բառաչէ՞ իր կերակրի մօտին։  Մի՞թէ անհամ բանը կ’ուտուի առանց աղի, կամ հա՞մ կայ ձուի սպիտակուցի մէջ։  Այն որ սիրտս չէր ուզում դիպչել, նա է եղել իմ զզուելի ուտելիքը։  Երանի թէ ուզածս կատարուէ՜ր. եւ իմ ակնկալածը տա՜ր Աստուած.  Եւ հաւանէ՜ր Աստուած ինձ ջարդելու, և ձեռքն արձակէ՜ր ու ինձ կտրեր։ 10  Այն ժամանակ դեռ մխիթարութիւն կ’ունենայի, եւ կ’ոստոստէի անխնայ ցաւի մէջ, որ չեմ ուրացել Սուրբի խօսքերը։ 11  Ի՞նչ է իմ ոյժը որ դիմանամ. եւ ի՜նչ է իմ վերջը, որ երկայնամիտ լինիմ։ 12  Կամ քարերի՞ զօրութիւնն է իմ զօրութիւնը. կամ իմ մարմինը պղի՞նձ է։ 13  Կամ չէ՞ որ մօտիս օգնութիւն չ’կայ. եւ յաջողութիւնը հեռացած է ինձանից։ 14  Հալումաշ եղողին ողորմութիւն է պէտք իր բարեկամիցը, թէեւ նա Ամենակարողի վախն էլ թողած լինէր։ 15  Իմ եղբայրները խաբում են հեղեղատի պէս, ձորի պէս, որով հեղեղներ են անցել։ 16  Որոնք պղտորած են սառից, նորանցում ձիւն է ծածկուած. 17  Տաքանալիս՝ դադարում են, շոգ ժամանակին իրանց տեղերիցը ցամաքում են։ 18  Նորանց ճանապարհների գնացքը պտոյտ է տալիս, հասնում են անապատին եւ կորչում են։ 19  Թեմայի կառաւանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նորանց յուսացին. 20  Ամաչեցին, որ յուսացել էին, մինչեւ այնտեղ գնացին, եւ ամօթահար եղան։ 21  Այսպէս հիմա դուք ոչինչ էք. տեսաք սոսկալի բան եւ սարսափեցիք։ 22  Արդեօք ասե՞լ եմ, թէ ինձ համար բերէք, եւ ձեր ստացուածքիցը ընծայ տուէք ինձ համար. 23  Եւ ինձ ազատեցէք իմ թշնամիի ձեռքիցը, եւ բռնաւորների ձեռքից ինձ փրկեցէք։ 24  Դուք սովորեցրէք ինձ եւ ես կ’լռեմ. եւ ինչ որ սխալուել եմ հասկացրէք ինձ։ 25  Ի՜նչ թափանցիկ են ուղիղ խօսքերը. բայց ի՞նչ է յանդիմանում ձեզանից եկած յանդիմանութիւնը։ 26  Արդեօք մտածո՞ւմ էք խօսքեր յանդիմանել. յուսահատի խօսքերը քամիի խօսքեր են։ 27  Նոյն իսկ որբի վերայ վիճակ կ’գցէիք. եւ ձեր բարեկամին կ’վաճառէիք։ 28  Բայց հիմա հաճեցէք ինձ նայելու, եւ ես մի՞թէ ձեր երեսին սուտ կ’ասեմ. 29  Դարձրէք խնդրեմ, որ անիրաւութիւն չ’լինի. այո, դարձրէք, տեսիք որ իմ արդարութիւնը նորանում է։ 30  Մի՞թէ իմ լեզուի վերայ անիրաւութիւն կայ. մի՞թէ իմ քիմքը չէ զանազանում չար բաները։

Ծանոթագրություններ