Հոբ 7։1-21
7 Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են։
2 Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,
3 Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան ամիսներ. եւ թշուառութեան որոշուեցան ինձ համար։
4 Պառկելիս ասում եմ թե Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լիում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։
5 Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
6 Օրերս մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։
7 Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։
8 Ինձ տեսնողի աչքը այլեւս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կ’տայ, եւ ես այլ եւս չ’կամ։
9 Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման* իջնողը վեր չի գալ.
10 Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ նորան չի ճանաչիլ նորա տեղը։
11 Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։
12 Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։
13 Երբոր ասում եմ, թե անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կ’տանէ իմ գանգատը.
14 Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.
15 Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։
16 Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ ապրելու, հեռացիր ինձանից, որովհետեւ օրերս ունայնութիւն են։
17 Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։
18 Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նրան փորձես։
19 Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։
20 Մեղանչել եմ. ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. ի՞նչու ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։
21 Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կ’որոնես ինձ, եւ ես չ’կամ։
Ծանոթագրություններ
^ 7։9 Կամ՝ մեռելների բնակարանն. Գրաբար՝ դժոխք։