Հոբ 9։1-35
9 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ մարդս ի՞նչպէս կ’արդարանայ Աստուծոյ մօտ։
3 Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ։
4 Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։
5 Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չ’գիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.
6 Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են.
7 Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.
8 Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.
9 Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.
10 Որ մեծամեմ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։
11 Տես՝ նա իմ մօտովը կ’անցնէ, եւ ես չեմ տեսնիլ. եւ անց կ’կենայ՝ եւ ես չեմ իմանալ։
12 Տես՝ եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կ’պահէ. ո՞վ կ’ասէ նորան թէ Ի՞նչ ես անում։
13 Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կ’խոնարհուին Ռաքաբի* օգնականները։
14 Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. եւ խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։
15 Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. իմ Դատաւորին պիտի աղաչեմ.
16 Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կ’լսէ.
17 Նա որ ինձ փոթորիկով կ’փշրէ, եւ զուր տեղը կ’շատացնէ իմ վէրքերը.
18 Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. որովհետեւ ինձ դառնութիւններով կ’կշտացնէ։
19 Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կ’կանչէ ինձ։
20 Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կ’դատապարտէ. եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կ’անէ։
21 Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կ’արհամարհեմ։
22 Մէկ է. նորա համար ասում եմ թէ նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։
23 Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կ’ծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։
24 Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։
25 Եւ իմ օրերը փախան սուրհանդակից արագ. վազեցին՝ բարիք չ’տեսան։
26 Անցան սէզից շինուած նաւերի պէս, որսի վերայ յարձակուող արծիւի պէս։
27 Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,
28 Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. գիտեմ որ ինձ անմեղ չես համարիլ։
29 Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։
30 Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,
31 Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կ’կոխէիր, եւ իմ հանդերձը կ’զզուէին ինձանից։
32 Որովհետեւ նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։
33 Մեր մէջտեղը միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։
34 Թող հեռացնէ իմ վերայից իր գաւազանը, եւ նորա սարսափն ինձ չ’զարհուրեցնէ.
35 Այն ժամանակ կ’խօսէի, եւ իրանից չէի վախենալ. որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։
Ծանոթագրություններ
^ 9։13 Կամ՝ հպարտ։