Հովհաննես 11։1-57

11  Եւ մի հիւանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի եւ նորա քոյր Մարթայի գիւղիցը:  Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը իւղով օծեց եւ նորա ոտները սրբեց իր մազերովը. որի եղբայրը Ղազարոսը հիւանդ էր:  Եւ նորա քոյրերն ուղարկեցին նորա մօտ եւ ասեցին. Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է:  Յիսուսն էլ երբ լսեց, ասեց. Այն հիւանդութիւնը մեռնելու համար չէ, այլ Աստուծոյ փառքի համար. որ Աստուծոյ Որդին նորանով փառաւորուի:  Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւ Ղազարոսին:  Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր.  Ապա նորանից յետոյ ասեց աշակերտներին. Եկէք դարձեալ գնանք Հրէաստան:  Աշակերտներն ասեցին նորան. Ռաբբի, հիմա Հրէաներն ուզում էին քեզ քարկոծել. եւ դարձեալ այնտե՞ղ ես գնում:  Յիսուսը պատասխանեց. Չէ՞ որ օրը տասնեւերկու ժամ ունի. եթէ մէկը ցերեկը ման գայ, չի սահիլ. որովհետեւ այս աշխարհքի լոյսը տեսնում է: 10  Իսկ եթէ մէկը գիշերը ման գայ, կ’սահի. որովհետեւ լոյս չ’կայ նորանում: 11  Այս ասեց, եւ սորանից յետոյ ասեց նորանց. Մեր Ղազարոս բարեկամը քնեց. բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան: 12  Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կ’առողջանայ: 13  Բայց Յիսուսը նորա մահուան համար էր ասել. նորանք էլ կարծում էին, թէ քուն քնելու համար էր ասում: 14  Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ: 15  Եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հաւատաք ինձ. բայց գնանք նորա մօտ: 16  Եւ ասեց Թովմասը (Երկուորեակ կոչուածը) աշակերտակիցներին. Մենք էլ գնանք նորա հետ մեռնենք: 17  Յիսուսն էլ եկաւ՝ նորան արդէն չորս օր գերեզմանի մէջ դրուած գտաւ: 18  Եւ Բեթանիան մօտ էր Երուսաղէմին տասնեւհինգ ասպարէզի չափով: 19  Եւ Հրէաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որ մխիթարեն նորանց իրանց եղբօր մասին: 20  Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. բայց Մարիամը տանը նստած էր: 21  Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ: 22  Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կ’տայ քեզ: 23  Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կ’առնէ: 24  Մարթան նորան ասեց. Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը: 25  Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի: 26  Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. հաւատո՞ւմ ես սորան: 27  Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր: 28  Եւ երբոր այս ասեց, գնաց թագուն կանչեց իր Մարիամ քրոջը, եւ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ: 29  Նա երբոր լսեց, շուտով վերկացաւ, եւ եկաւ նորա մօտ: 30  Յիսուսը դեռ չէր եկել գիւղը, այլ այն տեղն էր, ուր որ Մարթան եկաւ նորա առաջը: 31  Բայց Հրէաները, որ տանը նորա հետ էին եւ նորան մխիթարում էին, երբոր Մարիամին տեսան, թէ շուտով վերկացաւ եւ գնաց, նորա ետեւից գնացին. ասելով թէ Գերեզմանն է գնում, որ այն տեղ լայ: 32  Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ: 33  Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց էին լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց: 34  Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. նորան ասեցին. Տէր, եկ եւ տես: 35  Յիսուսը արտասուեց: 36  Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան: 37  Նորանցից էլ ոմանք ասում էին. Մի՞թէ սա որ կոյրի աչքերը բացաւ, չէր կարող անել՝ որ սա էլ չ’մեռնէր, 38  Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած: 39  Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. որովհետեւ չորս օրուայ է: 40  Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես: 41  Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր: 42  Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ: 43  Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ: 44  Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած: Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ: 45  Եւ Հրէաներից շատերը, որ Մարիամի մօտ էին եկել եւ տեսան ինչ որ արաւ Յիսուսը, հաւատացին նորան: 46  Բայց նորանցից ոմանք գնացին Փարիսեցիների մօտ, եւ ասեցին նորանց ինչ որ Յիսուսն արաւ: 47  Եւ քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում: 48  Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կ’հաւատան դորան, եւ Հռովմայեցիք կ’գան վեր կ’առնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ: 49  Եւ նորանցից մէկը՝ Կայիափան, որ այն տարուայ քահանայապետն էր, ասեց նորանց. Դուք ոչինչ չ’գիտէք, 50  Եւ չէք էլ մտածում, որ լաւ է մեզ համար՝ որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ բոլոր ազգը կորչի: 51  Բայց սա իրանից չ’ասեց. այլ որովհետեւ այն տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ՝ թէ Յիսուսը պիտի մեռնէր ազգի համար: 52  Եւ ոչ թէ միայն ազգի համար, այլ որ նա Աստուծոյ ցրուած որդիքն էլ մէկտեղ ժողովէ: 53  Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն: 54  Յիսուսն էլ համարձակ չէր ման գալիս Հրէաների մէջ. այլ այն տեղից գնաց մի երկիր, անապատի մօտ, Եփրայեմ ասուած քաղաքը. եւ այնտեղ կենում էր իր աշակերտների հետ: 55  Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ այն գաւառից շատերը զատկից առաջ վեր ելան Երուսաղէմ, որ իրանց անձերը սրբեն: 56  Եւ որոնում էին Յիսուսին, եւ իրար ասում էին՝ տաճարումը կանգնած. Ինչպէս է երեւում ձեզ. մի՞թէ այս տօնին չի գալ. 57   բայց քահանայապետները եւ Փարիսեցիները հրաման էին տուել, որ՝ եթէ մէկը գիտենայ թէ ուր է, իմաց տայ, որ բռնեն նորան:

Ծանոթագրություններ