Հովհաննես 19։1-42

19  Այն ժամանակ Պիղատոսն առաւ Յիսուսին եւ ծեծեց:  Եւ զինուորները փշերից պսակ շինեցին, դրին նորա գլխին, եւ ծիրանի հանդերձ հագցրին նորան:  Եւ ասում էին. Ողջ կաց, ով Հրէաների թագաւոր. եւ ապտակներ էին տալիս նորան:  Պիղատոսը դարձեալ դուրս գնաց եւ նորանց ասեց. Ահա նորան դուրս եմ բերում ձեզ մօտ, որ գիտենաք թէ ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում:  Եւ Յիսուսը դուրս եկաւ, փշեղէն պսակը եւ ծիրանի հագուստը հագած. եւ Պիղատոսը նորանց ասեց. Ահա այն մարդը:  Երբոր քահանայապետները եւ սպասաւորները նորան տեսան, աղաղակեցին՝ եւ ասեցին. Խաչիր, խաչիր: Պիղատոսը նորանց ասեց. Դուք առէք դորան եւ խաչեցէք. որովհետեւ ես յանցանք չեմ գտնում դորանում:  Հրէաները պատասխանեցին նորան. Մենք օրէնք ունինք, եւ մեր օրէնքի համեմատ պէտք է մեռնի. որովհետեւ իր անձն Աստուծոյ Որդի արաւ:  Երբոր Պիղատոսը այս խօսքը լսեց, էլ աւելի վախեցաւ:  Եւ դարձեալ մտաւ պալատը, եւ Յիսուսին ասեց. Դու ի՞նչ տեղից ես. եւ Յիսուսը չ’պատասխանեց նորան: 10  Պիղատոսն էլ ասեց նորան. Ինձ հետ չե՞ս խօսում. մի՞թէ չ’գիտես, որ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչելու, եւ իշխանութիւն ունիմ քեզ արձակելու: 11  Յիսուսը պատասխանեց. Դու ոչինչ իշխանութիւն չէիր ունենալ ինձ վերայ, եթէ վերեւիցը տրուած չ’լինէր քեզ. նորա համար՝ նա որ ինձ մատնեց քեզ, նորա մեղքն աւելի մեծ է: 12  Եւ նորանից յետոյ Պիղատոսը որոնում էր նորան արձակել. բայց Հրէաներն աղաղակում էին եւ ասում. Եթէ դորան արձակես՝ կայսրի բարեկամ չես. ամեն ով որ իր անձը թագաւոր է կոչում, նա կայսրին հակառակ է խօսում: 13  Պիղատոսն էլ երբոր այս խօսքը լսեց, Յիսուսին դուրս բերաւ, եւ բեմի վերայ նստեց, այն տեղը՝ որ Քարայատակ էր կոչվում, եւ Եբրայեցերէն Կաբբաթա: 14  Եւ զատկի ուրբաթն էր՝ ժամը իբր վեցը, եւ Հրէաներին ասեց. Ահա ձեր թագաւորը: 15  Իսկ նորանք աղաղակում էին, Վեր առ, վեր առ՝ եւ խաչիր դորան. Պիղատոսը նորանց ասեց. Ձեր թագաւո՞րը խաչեմ: Քահանայապետները պատասխանեցին. Մենք թագաւոր չ’ունինք բացի կայսրից: 16  Այն ժամանակ նորան տուաւ նորանց ձեռը, որ խաչուի: 17  Եւ նորանք առան տարան Յիսուսին. եւ խաչափայտն ինքը վերկալած, դուրս գնաց այն տեղը, որ Գագաթն էր ասվում, որ Եբրայեցերէն Գողգոթա է կոչվում: 18  Այնտեղ խաչ հանեցին նորան. եւ նորա հետ երկու ուրիշին՝ այս կողմին եւ այն կողմին, եւ Յիսուսին՝ մէջտեղը: 19  Պիղատոսը մի տախտակ էլ գրեց, եւ խաչի վերայ դրաւ. եւ գրուած էր. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ: 20  Եւ այս տախտակը Հրէաներից շատերը կարդացին. որովհետեւ քաղաքին մօտ էր այն տեղը ուր որ Յիսուսը խաչուեցաւ. եւ գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն: 21  Եւ Հրէաների քահանայապետներն ասեցին Պիղատոսին. Մի գրիր Հրէաների թագաւոր, այլ թէ նա ասեց, թէ Թագաւոր եմ Հրէաների: 22  Պիղատոսը պատասխանեց. Ինչ որ գրեցի՝ գրեցի: 23  Բայց զինուորներն՝ երբոր Յիսուսին խաչ հանեցին, նորա հանդրերձներն առան՝ եւ չորս բաժին արին, ամեն մէկ զինուորի համար մի բաժին. բայց պատմուճանը՝ որովհետեւ առանց կարի էր, վերեւիցը վայր բոլորը հիւսուած. 24  Ուստի իրար ասեցին. Դորան չ’պատառենք, այլ վիճակ գցենք դորա վերայ, թէ ումը լինի. որ գիրքը կատարուի, որ ասում է թէ Իմ հանդերձներն իրար մէջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին. եւ զինուորներն արին այդ բանը: 25  Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամ Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին: 26  Յիսուսն էլ տեսնելով իր մօր եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին: 27  Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան: 28  Սորանից յետոյ Յիսուսն իմանալով, որ ամեն բան արդէն լրացած է, որպէս զի գրուածը կատարուի՝ ասեց. Ծարաւ եմ: 29  Եւ մի աման կար քացախով լիքն. եւ նորանք մի սպունգ լցրին քացախով եւ զոպայի մշտիկի վերայ դրած նորա բերանին մօտեցրին: 30  Եւ երբոր Յիսուսը քացախն առաւ՝ ասեց. Կատարուած է. եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց: 31  Բայց Հրէաները, որովհետեւ ուրբաթ օր էր, որպէս զի մարմինները չ’մնան խաչի վերայ շաբաթ օրը, որովհետեւ այն շաբաթ օրը մեծ էր, Պիղատոսին աղաչեցին, որ նորանց սրունքները ջարդեն, եւ վեր առնուին: 32  Զինուորներն էլ եկան եւ առաջինի սրունքները ջարդեցին, այնպէս էլ միւսինը որ նորա հետ խաչուած էր: 33  Բայց երբոր Յիսուսի մօտ եկան եւ տեսան նորան արդեն մեռած, նորա սրունքները չ’ջարդեցին: 34  Այլ զինուորներից մեկը գեղարդով նորա կողը խոցեց. եւ շուտով արիւն եւ ջուր դուրս եկաւ: 35  Եւ նա որ այս տեսաւ՝ վկայեց. եւ նորա վկայութիւնը ճշմարիտ է. եւ նա գիտէ որ ճշմարիտ է ասում, որ դուք հաւատաք: 36  Որովհետեւ այս բաները եղան, որ գրուածը կատարուի, թէ Նորա ոսկորը չ’պիտի փշրուի: 37  Եւ դարձեալ մի ուրիշ գրուած ասում է, թէ Մտիկ կ’տամ նորան, որ խոցեցին: 38  Սորանից յետոյ Պիղատոսին աղաչեց Յովսէփը, որ Արիմաթիայիցն էր, (որ աշակերտ լինելով Յիսուսին, բայց Հրէից վախի պատճառով ծածկուած էր) որ Յիսուսի մարմինը վեր առնէ. եւ Պիղատոսը հրաման տուաւ. եւ նա եկաւ եւ վեր առաւ Յիսուսի մարմինը: 39  Նիկոդեմոսն էլ եկաւ՝ (որ առաջ Յիսուսի մօտ էր եկել գիշերով.) եւ զմուռս բերաւ հալուէի հետ խառնած՝ հարիւր լիտրի չափ: 40  Եւ Յիսուսի մարմինը առան, եւ այն խնկերի հետ կտաւներով պատեցին, ինչպէս Հրէաներին օրէնք էր պատել: 41  Եւ այն տեղը, ուր որ խաչուեցաւ, մի պարտէզ կար, եւ այն պարտէզումը մի նոր գերեզման, որ նորանում երբէք ոչ ոք չէր դրուած: 42  Եւ այնտեղ դրին Յիսուսին Հրէաների ուրբաթի համար, որովհետեւ գերեզմանը մօտ էր:

Ծանոթագրություններ