Հովհաննես 7։1-53

7  Եւ սորանից յետոյ Յիսուսը ման էր գալիս Գալիլեայի մէջ. որովհետեւ չէր կամենում Հրէաստանումը ման գալ, Հրէաները որոնում էին սպանել նորան:  Եւ Հրէաների տաղաւարահարաց տօնը մօտիկ էր:  Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես.  Որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ թագուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին:  Որովհետեւ իր եղբայրներն էլ չէին հաւատում նորան:  Յիսուսն էլ ասեց նորանց. Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է.  Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են:  Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ:  Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը: 10  Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար: 11  Եւ Հրէաները որոնում էին նորան այն տօնումը եւ ասում, Ո՞րտեղ է նա: 12  Եւ ժողովուրդների մէջ շատ զրոյց կար նորա համար. ոմանք ասում էին թէ Բարի մարդ է. ուրիշներն էլ ասում էին. Ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է: 13  Սակայն ոչ ով համարձակ չէր խօսում նորա վերայ՝ Հրէաների վախի համար: 14  Եւ երբոր տօնն արդէն կէս եղաւ, Յիսուսը վեր ելաւ տաճարը եւ սովորեցնում էր: 15  Եւ Հրէաները զարմանում էին եւ ասում. Սա ի՞նչպէս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու: 16  Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է: 17  Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում: 18  Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ’կայ նորանում: 19  Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձեզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը: 20  Ի՞նչու էք ուզում ինձ սպանել. ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դեւ ունիս. ո՞վ է ուզում քեզ սպանել: 21  Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Մի գործ գործեցի, եւ ամենքդ զարմացել էք: 22  Նորա համար Մովսէսը ձեզ տուաւ թլփատութիւնը, (ոչ թէ Մովսէսիցն է, այլ հայրերիցը.) եւ շաբաթ օրը մարդ էք թլփատում: 23  Եթէ մարդ շաբաթ օրումը թլփատութիւն է ընդունում, որ Մովսէսի օրէնքը չ’քանդուի, ինձ բարկանո՞ւմ էք, որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը: 24  Աչքի երեւույթով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք: 25  Արդ Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել: 26  Եւ ահա համարձակ խօսում է, եւ ոչինչ չեն ասում դորան. մի գուցէ իրաւ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապէս Քրիստոսը: 27  Բայց սորան գիտենք, թէ որ տեղից է. իսկ Քրիստոսն երբոր գայ, ոչ ոք չի գիտենալ թէ որ տեղից է: 28  Յիսուսն էլ՝ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով՝ Ինձ էլ գիտէք եւ գիտէք էլ թէ ինչ տեղից եմ. եւ ես իմ անձիցը չեմ եկել. այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը որին դուք չ’գիտէք: 29  Իսկ ես գիտեմ նորան, որովհետեւ նորանից եմ, եւ նա ուղարկեց ինձ: 30  Եւ ուզում էին բռնել նորան. բայց ոչ ով ձեռք չ’ձգեց նորա վերայ. որովհետեւ նորա ժամը դեռ չէր հասել: 31  Եւ ժողովրդից շատերը հաւատացին նորան եւ ասում էին թէ երբոր Քրիստոս գայ, արդեօ՞ք դորանցից աւելի նշաններ կ’անէ, քան որ սա արաւ: 32  Եւ Փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նորա համար. եւ Փարիսեցիները եւ քահանայապետներն սպասաւորներ ուղարկեցին, որ բռնեն նորան: 33  Յիսուսն էլ ասեց նորանց. Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, եւ գնում եմ ինձ ուղարկողի մօտ: 34  Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ: 35  Հրէաներն էլ իրար ասեցին. Դա ո՞րտեղ է գնալու, որ մենք չ’գիտենք դորան. արդեօ՞ք Հելլենացիների ցրուած ժողովուրդների մօտն է գնալու եւ Հելլենացիներին է սովորեցնելու: 36  Ի՞նչ է այն խօսքն, որ ասեց թէ Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ: 37  Եւ տօնի վերջին մեծ օրումը Յիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ: 38  Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին: 39  Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած: 40  Արդ ժողովրդից շատերը, երբոր այս խօսքը լսեցին, ասում էին. Սա ճշմարտապէս այն մարգարէն է: 41  Ուրիշներն՝ ասում էին. Սա Քրիստոսն է. եւ էլ ուրիշներն ասում էին. Մի՞թէ Քրիստոսը Գալիլեայիցը կ’գայ: 42  Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր: 43  Եւ տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար: 44  Եւ նորանցից ոմանք կամեցան բռնել նորան. բայց ոչ ոք ձեռք չ’ձգեց նորա վերայ: 45  Եւ սպասաւորները եկան քահանայապետների եւ Փարիսեցիների մօտ. եւ սորանք ասեցին նորանց. Ի՞նչու համար նորան չ’բերիք: 46  Սպասաւորները պատասխանեցին. Երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը: 47  Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք: 48  Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան: 49  Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրէնքը չ’գիտէ, անիծուած են: 50  Նիկոդեմոսը, որ գիշերը նորա մօտ էր եկել, նորանցից մէկը լինելով, ասեց նորանց. 51  Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չ’լսէ նորանից եւ չ’գիտենայ, թէ ինչ է գործում: 52  Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մի՞թէ դու էլ ես Գալիլեայիցը. քննիր եւ տես, որ Գալիլեայիցը մարգարէ դուրս չէ եկել: 53  Եւ ամեն մէկը գնաց իր տունը:

Ծանոթագրություններ