Հովնան 1։1-17
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ Ամաթի որդի Յովնանին ասելով.
2 Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. որովհետեւ նորանց չարութիւնը վեր է եկել իմ առաջին:
3 Բայց Յովնան վեր կացաւ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչէ, եւ իջավ Յոպպէ եւ մի նաւ գտաւ որ Թարսիս էր գնում, եւ նորա վարձքը տուաւ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը:
4 Եւ Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերայ, եւ մեծ փոթորիկ եղաւ ծովումը, եւ նավը ուզում էր փշրուիլ:
5 Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր Աստծում էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւումն էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւ պառկել ու խոր քնել:
6 Եւ նաւապետը նորա մօտ եկաւ եւ ասեց նորան, Ի՞նչ ես մրափել. վեր կաց աղաղակիր քո Աստծուն, գուցե Աստուած յիշէ մեզ, եւ մենք չ’կորչենք:
7 Եւ մէկզմէկի ասում էին. Եկեք վիճակ գցենք ու իմանանք, թէ ում պատճառով է եկել մեզ այս չարիքը. եւ վիճակ գցեցին եւ վիճակը ընկաւ Յովնանին:
8 Եւ նորան ասեցին. Մէկ ասիր մեզ, թէ ո՞ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վերայ, ի՞նչ է քո բանը, եւ ո՞րտեղից ես գալիս. ո՞րն է քո երկիրը, եւ դու ո՞ր ժողովրդիցն ես:
9 Եւ նա նորանց ասեց. Ես եբրայեցի եմ, եւ ես պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը եւ ցամաքը:
10 Եւ այն մարդիկը վախեցան մեծ վախով եւ ասացին նորան. Այդ ի՜նչ ես արել դու. որովհետեւ այն մարդիկն իմացան որ նա փախչում է Տիրոջ երեսիցը, որովհետեւ պատմեց նորանց:
11 Եւ ասեցին նորան. Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը դադարէ մեզ վերայ. որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր:
12 Եւ նա ասեց նորանց. Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ’դադարէ ձեզ վերայ. որովհետեւ ես գիտեմ որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վերայ:
13 Եւ այն մարդիկը թիավարում էին որ ետ հասնեն ցամաքին, բայց չէին կարողանում , որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր նորանց վերայ:
14 Եւ նորանք աղաղակեցին Եհովային եւ ասացին. Ո՛հ, Եհովայ, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդի անձի պատճառով, եւ անմեղ արիւն մի դնիր մեզ վերայ, որովհետեւ դու ով Եհովայ, ինչպէս որ ուզում ես՝ անում ես:
15 Եւ առան Յովնանին ու ծովը գցեցին նորան. եւ ծովը դադարեց իր կատաղութիւնիցը:
16 Եւ այն մարդիկը մեծ երկիւով վախեցան Տէրիցը, եւ զոհեր մատուցեցին Տիրոջը եւ ուխտեր արին:
17 Եւ Տէրը հրամայեց մի մեծ ձկան որ Յովնանին կուլ տայ. եւ Յովնանը ձկան փորումն էր երեք օր եւ երեք գիշեր: