Հռոմեացիներ 12։1-21

12  Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը:  Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը:  Որովհետեւ Աստուծոյ շնորհքովն՝ որ ինձ տրուած է՝ ասում եմ ձեր մէջ ամենին, բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպէս՝ ինչպէս որ Աստուած ամեն մէկին հաւատքի չափը բաժանեց:  Որովհետեւ ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք, եւ այն ամեն անդամները միեւնոյն գործը չ’ունին,  Այնպէս էլ շատերս մէկ մարմին ենք Քրիստոսումը, բայց ամեն մէկը միմեանց անդամ ենք:  Միայն թէ զանազան պարգեւներ ունինք այն շնորհքի պէս որ մեզ տրուած է. թէ մարգարեութիւն՝ հաւատքի չափովը մարգարեանանք.  Թէ պաշտօն*՝ պաշտօնում լինինք. թէ մէկը սովորեցնող է՝ վարդապետութեան մէջ լինի:  Թէ մխիթարող է՝ մխիթարութեան մէջ. բաշխողը՝ զուարթութիւնով. վերակացու դրուածը՝ ջանքով. ողորմողը՝ յօժարութիւնով:  Սէրն առանց կեղծաւորութեան. չարն ատեցէք, բարիին հետեւեցէք: 10  Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք. պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք: 11  Ջանքի մէջ՝ թոյլ չ’լինիք. հոգովը ջերմեռանդ եղէք, Տիրոջը ծառայեցէք: 12  Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք: 13  Սրբերի պիտոյքներին հաղորդ եղէք. հիւրասիրութեան հետեւեցէք: 14  Զեզ հալածողներին օրհնեցէք, օրհնեցէք եւ մի անիծէք: 15  Ուրախացողների հետ ուրախացէք, եւ լացողների հետ լացէք: 16  Իրար վերայ միեւնոյն խորհուրդը ունեցէք. բարձր բաները մի խորհիք. այլ խոնարհների հետ խոնարհուեցէք. ձեր անձերումը իմաստուն մի լինիք: 17  Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք: 18  Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք: 19  Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. այլ բարկութեան տեղ տուէք. որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը: 20  Արդ եթէ քո թշնամին սոված է, հաց տուր նորան. եւ եթէ ծարաւ է, ջուր տուր նորան. որովհետեւ այս անելով կրակի կայծեր կ’ժողովես նորա գլխի վերայ: 21  Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին:

Ծանոթագրություններ

12։7 Կամ՝ սպասաւորութիւն։