Հռոմեացիներ 13։1-14

13  Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած:  Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին:  Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս:  Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար:  Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ:  Սորա համար հարկ էլ էք վճարում. որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում:  Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. ում որ հարկ պարտ էք՝ հարկ, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը:  Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է:  Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս: 10  Սէրն իր ընկերին չար չի անիլ. ուրեմն օրէնքի լրումը սէրն է: 11  Եւ այս արէք իմանալով ժամանակը. որ ժամ է արդէն քնիցն զարթնել. որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք: 12  Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը: 13  Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով: 14  Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն:

Ծանոթագրություններ