Հռոմեացիներ 14։1-23

14  Բայց հաւատքի մէջ տկար լինողին ընդունեցէք առանց կարծիքների վերայ վիճելու:  Մէկը հաւատում է՝ թէ ամեն բան կարող է ուտել. բայց տկարը բանջար է ուտում:  Ուտողը չ’անարգէ չ’ուտողին. եւ չ’ուտողը չ’դատէ ուտողին. որովհետեւ Աստուած ընդունեց նորան.  Դու ո՞վ ես՝ որ ուրիշի ծառային դատում ես. իր Տիրոջ համար է կանգնում կամ ընկնում. բայց կ’կանգնի, որովհետեւ Աստուած կարող է կանգնեցնել նորան:  Մէկը օրն օրից աւելի է համարում, իսկ միւսն ամեն օր մէկ է համարում. ամեն մէկը թող իր միտքը հաճեցնէ:  Օրին մտիկ անողը Տիրոջ համար է մտիկ անում. եւ օրին մտիկ չ’անողը, Տիրոջ համար չէ մտիկ անում. եւ ուտողը Տիրոջ համար է ուտում, որովհետեւ Աստուածանից գոհանում է. եւ չ’ուտողը Տիրոջ համար չէ ուտում, եւ Աստուածանից գոհանում է:  Որովհետեւ մեզանից ոչ ով ինքն իրան համար չէ ապրում, եւ ոչ ով ինքն իրան համար չէ մեռնում:  Որովհետեւ եթէ ապրենք՝ Տիրոջ ենք ապրում, եւ եթէ մեռնենք՝ Տիրոջ ենք մեռնում. ուրեմն թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք:  Վասնզի նոյն իսկ նորա համար էլ Քրիստոսը մեռաւ եւ կենդանացաւ՝ որ մեռելների եւ կենդանիների վերայ տիրէ: 10  Բայց դու ի՞նչու համար ես դատում քո եղբօրը, կամ ի՞նչու ես քո եղբօրն անարգում. որովհետեւ ամենս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք: 11  Որովհետեւ գրուած է՝ Ես կենդանի եմ, ասում է Տէրը. որ ամեն ծունկ ինձ պիտի կրկնուի եւ ամեն լեզու խոստովան լինի Աստուծուն: 12  Ուրեմն մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն: 13  Այսուհետեւ այլեւս իրար չ’դատենք. այլ աւելի այս դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք: 14  Գիտեմ եւ հաստատ իմանում եմ Տէր Յիսուսումը, որ ոչ մի բան պիղծ չէ ինքն իրանով. բացի ով որ մի բան պիղծ է համարում. նորա համար պիղծ է: 15  Բայց եթէ կերակուրի պատճառով քո եղբայրը տրտմում է, դու այլ եւս նորա հետ սիրով չես վարվում, քո կերակուրովը մի կորցնիր նորան, որի համար Քրիստոսը մեռաւ: 16  Արդ ձեր բարի բանը չ’չարախօսուի: 17  Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը: 18  Վասնզի նա որ սորանցում Քրիստոսին ծառայում է, Աստուծուն հաճելի է, եւ մարդկանց գովելի: 19  Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք: 20  Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում: 21  Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը գլորվում է կամ գայթակղում է կամ տկարանում է: 22  Դու հաւա՞տք ունիս. քեզ համար ունեցիր Աստուծոյ առաջին. երանի նորան՝ որ իր անձը չ’դատապարտէ նորանով, որ ընդունում է: 23  Իսկ նա որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է:

Ծանոթագրություններ