Հռոմեացիներ 5։1-21
5 Արդ մենք՝ հաւատքով արդարացած լինելով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը:
2 Որով ընդունեցինք հաւատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ, որ նորանում կանգնած ենք, եւ պարծենում ենք Աստուծոյ փառքի յոյսովը:
3 Եւ ոչ միայն այսքան, այլ նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում,
4 Համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս.
5 Յոյսն էլ չէ ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սէրը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ:
6 Որովհետեւ երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն ամբարիշտների տեղ մեռաւ:
7 Վասնզի հազիւ թէ մի արդարի համար մէկը մեռնի. (բայց մի բարի մարդի համար իցէ թէ մէկը համարձակի մեռնիլ.)
8 Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռաւ.
9 Ապա ո՞րքան աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը:
10 Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կ’ապրինք նորա կեանքովը:
11 Եւ ոչ միայն այսքան. այլ Աստուծով էլ պարծենում ենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք:
12 Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին:
13 (Որովհետեւ մինչեւ օրէնքը՝ մեղք կար աշխարհքումը, բայց մեղքը չէ համարվում քանի որ օրէնք չ’կայ:
14 Բայց մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէսը Ադամի մեղքի նման չ’մեղանչողների վերայ էլ. որ օրինակ է նորան որ գալու էր:
15 Բայց շնորհքն այնպէս չէ՝ ինչպէս յանցանքը. որովհետեւ եթէ մէկի յանցանքովը շատերը մեռան, էլ ո՞րքան աւելի Աստուծոյ շնորհքն ու պարգեւը մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքովն աւելացաւ շատերի վերայ:
16 Եւ պարգեւն այնպէս չէ՝ ինչպէս այն մէկ մեղանչողից եղածը, որովհետեւ դատաստանն այն մէկ մեղքիցը դէպի դատապարտութիւն տարաւ. բայց շնորհքը շատ մեղքերից արդարութեան մէջ է տանում:
17 Որովհետեւ եթէ մէկի մեղքովը մահը թագաւորեց այն մէկի ձեռովն, էլ ո՞րքան աւելի նորանք, որ ընդունում են շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները կեանքով կ’թագաւորեն՝ այն մէկ Յիսուս Քրիստոսի ձեռովը:)
18 Արդ ուրեմն՝ ինչպէս որ մէկի յանցանքովն ամեն մարդկանց վերայ դատապարտութիւն եկաւ, նոյնպէս էլ մէկի արդարութիւնովն ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս:
19 Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին:
20 Բայց օրէնքը մէջ ընկաւ՝ որ յանցանքը շատանայ. բայց ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը:
21 Որպէսզի ինչպէս մեղքը թագաւորեց մահի ձեռովը, այնպէս էլ շնորհքը թագաւորէ արդարութիւնով յաւիտենական կեանքի մէջ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը: