Հռոմեացիներ 6։1-23

6  Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ:  Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ի՞նչպէս դեռ կ’ապրենք նորանում:  Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք:  Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք:  Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք:  Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին:  Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը:  Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք:  Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում: 10  Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի: 11  Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը: 12  Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին: 13  Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մէղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն. 14  Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ. որովհետեւ օրէնքի տակ չէք, այլ շնորհքի տակ: 15  Արդ ի՞նչ. մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք՝ այլ շնորհքի տակ. քաւ լիցի: 16  Դուք չ’գիտէ՞ք, թէ ում որ ձեր անձերը ծառայ էք ներկայացնում՝ նորան հնազանդելու, ծառաներ էք նորան որին հնազանդում էք. թէ մեղքին՝ դէպի մահ, եւ թէ հնազանդութեան՝ դէպի արդարութիւն: 17  Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք*: 18  Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը: 19  Մարդկօրեն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար: 20  Որովհետեւ երբոր մէղքի ծառայ էիք՝ ազատ էիք արդարութիւնիցը: 21  Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է: 22  Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է: 23  Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը:

Ծանոթագրություններ

6։17 Կամ՝ որով հրահանգուեցաք։