Հռոմեացիներ 7։1-25

7  Կամ չ’գիտէ՞ք, եղբարք, (որովհետեւ օրէնք գիտացողների հետ եմ խօսում) որ օրէնքը մարդի վերայ տիրում է՝ քանի որ նա կենդանի է:  Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է:  Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ:  Այսպէս էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, որ պտուղ բերենք Աստուծուն:  Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին:  Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը:  Արդ ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է. քաւ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչել՝ եթէ օրէնքը չէր ասել՝ Մի ցանկանար:  Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է:  Եւ ես առանց օրէնքի մի ժամանակ կենդանի էի. բայց երբոր պատուիրանքը եկաւ, մեղքը կենդանացաւ: 10  Իսկ ես մեռայ, եւ այն պատուիրանքն՝ որ կեանքի համար էր, ինձ մահի պատճառ եղաւ: 11  Որովհետեւ մեղքը առիթ առած պատուիրանքովը՝ խաբեց ինձ եւ նորանով սպանեց: 12  Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի: 13  Ապա բարի՞ն ինձ մահ եղաւ. քաւ լիցի. այլ մեղքը. որ մեղքն երեւի որ բարիովն ինձ մահ գործեց. որ մեղքն աւելի եւս մեղաւոր լինի պատուիրանքի ձեռովը: 14  Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. բայց ես եմ մարմնաւոր՝ մեղքի տակ ծախուած: 15  Որովհետեւ ինչ որ գործում եմ չ’գիտեմ. որովհետեւ ոչ թէ ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում: 16  Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է: 17  Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը: 18  Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. քանզի կամենալն կայ իմ մօտը. բայց բարին անելը չեմ գտնում: 19  Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում: 20  Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը: 21  Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ: 22  Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը: 23  Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է: 24  Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը: 25  Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը: Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին:

Ծանոթագրություններ