Ղուկաս 13։1-35

13  Նոյն ժամանակը եկան ոմանք եւ պատմեցին նորա այն Գալիլեացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը իրանց զոհի հետ խառնեց:  Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կարծո՞ւմ էք, թէ այդ Գալիլեացիներն աւելի մեղաւոր էին քան թէ բոլոր Գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին:  Ոչ, ասում եմ ձեզ. այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք.  Կամ այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը:  Ո՛չ, ասում եմ ձեզ. այլ եթէ չ’ապաշխարէք, ամենքդ էլ այնպէս կ’կորչէք:  Այս առակն էլ ասեց. Մի մարդ իր այգու մէջ մի թզենի էր տնկել. եւ եկաւ, նորա վերայ պտուղ որոնելու, եւ չ’գտաւ:  Եւ այգեպանին ասեց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. կտրիր դորան, ի՞նչու դա երկիրն էլ խափանէ:  Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ ածեմ:  Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան: 10  Եւ ժողովարաններից մէկումը սովորեցնում էր շաբաթ օրը: 11  Եւ ահա մի կին կար, որ հիւանդութեան ոգի ունէր տասնեւութ տարիից ի վեր. եւ կծկուած էր, եւ ամենեւին չէր կարողանում ուղիղ կանգնել: 12  Եւ Յիսուսը նորան տեսնելով, իրան մօտ կանչեց եւ ասեց նորան. Ով կին, արձակուած ես քո հիւանդութիւնիցը: 13  Եւ ձեռքը դրաւ նորա վերայ, եւ նա շուտով ուղղուեցաւ եւ փառաւորում էր Աստուծուն: 14  Իսկ ժողովարանի գլխավորը շատ բարկացած, որ Յիսուսը շաբաթ օրը բժշկեց, պատասխանեց եւ ասեց ժողովրդին. Վեց օր կայ, որ նորանցում պէտք է գործել. հիմա այն օրերը եկէք բժշկուեցէք, եւ ոչ թէ շաբաթ օրը: 15  Տէրն էլ պատասխանեց նորան եւ ասեց. Կեղծաւոր, ձեզանից ամեն մէկը շաբաթ օրն իր եզը կամ էշը չէ՞ արձակում մսուրիցը եւ տանում ջուր տալիս: 16  Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր: 17  Եւ երբոր նա այս ասեց, ամօթով էին լինում ամենքը, որ հակառակում էին նորան. եւ բոլոր ժողովուրդն ուրախանում էր այն ամեն փառաւոր գործերի համար, որ նորանով լինում էին: 18  Եւ ասում էր. Աստուծոյ արքայութիւնն ինչի՞ նման է. եւ ի՞նչի նմանեցնեմ նորան: 19  Մանանեխի հատի նման է, որը մի մարդ առաւ իր պարտէզի մէջ ցանեց. եւ մեծացաւ եւ մեծ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները նորա ճղերի վերայ բնակուեցին: 20  Եւ դարձեալ ասեց. ինչի՞ նմանեցնեմ Աստուծոյ արքայութինը. 21  Նման է խմորի. որ նորան մի կին առաւ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց, մինչեւ որ բոլորը խմորուեցաւ: 22  Եւ ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը՝ եւ սովորեցնում էր. եւ ճանապարհ ընկած գնում էր դէպի Երուսաղէմ. 23  Եւ մէկն ասեց նորան. Տէր, մի՞թէ քիչ են փրկուողները. նա էլ ասեց նորանց. 24  Ջանք արէք որ նեղ դռնովը ներս մտնէք. որովհետեւ ասում եմ ձեզ, Շատերը կ’ուզեն մտնել եւ չեն կարողանալ: 25  Նորանից յետոյ որ տան տէրն կ’ելլէ եւ դուռը կ’փակէ. եւ կ’սկսէք դուրսը կանգնել եւ դուռը թակել եւ ասել. Տէր Տէր, բաց մեզ. եւ նա պատասխանելով կ’ասէ ձեզ. Չեմ ճանաչում ձեզ, թէ ինչ տեղից էք: 26  Այն ժամանակ կ’սկսէք ասել. Մենք քո առաջին կերանք եւ խմեցինք, եւ դու մեր հրապարակներումը սովորեցրիր: 27  Եւ կ’ասէ. Ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ, թէ ի՛նչ տեղից էք. հեռու կացէք ինձանից, բոլոր անիրաւութիւն գործողներդ: 28  Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը. երբոր կ’տեսնէք Աբրահամին եւ Իսահակին եւ Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստուծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանած: 29  Եւ կ’գան արեւելքից եւ արեւմուտքից, եւ հիւսիսից եւ հարաւից, եւ կ’նստեն Աստուծոյ արքայութիւնումը: 30  Եւ ահա յետիններ կան՝ որ առաջիններ կ’լինին. եւ առաջիններ կան՝ որ յետիններ կ’լինին: 31  Նոյն օրումը մի քանի Փարիսեցիներ մօտ եկան եւ նորան ասեցին. Դուրս եկ եւ գնա այստեղից. որովհետեւ Հերովդէսը կամենում է քեզ սպանել: 32  Եւ նորանց ասեց. Գնացէք ասեցէք այն աղուէսին. Ահա դեւեր եմ հանում եւ բժշկութիւններ եմ կատարում այսօր եւ էգուց. եւ երրորդ օրը կ’կատարուիմ: 33  Սակայն այսօր եւ էգուց եւ միւս օրը պէտք է գնամ. որովհետեւ կարելի չէ որ մի մարգարէ Երուսաղէմիցը դուրս կորչի: 34  Երուսաղէմ, Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի՞ անգամ կամեցայ քո որդիները ժողովել ինչպէս հաւն իր ձագերը թեւերի տակն է ժողովում. եւ չ’կամեցաք: 35  Ահա ձեր տունը աւերակ է թողվում ձեզ. բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ինձ էլ չէք տեսնիլ, մինչեւ գայ ժամանակն, որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը:

Ծանոթագրություններ