Ղուկաս 17։1-37

17  Եւ աշակերտներին ասեց. Անկարելի է, որ գայթակղութիւններ չ’գան. բայց վայ նորան որի ձեռովը կ’գան:  Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախուէր եւ ծովը գցուէր, քան թէ այս փոքրներից մէկին գայթակղեցնէ:  Զգոյշ կացէք ձեր անձերին: Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան:  Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան:  Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու:  Եւ Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ:  Բայց ձեզանից ո՞վ է նա, որ մի հողագործ կամ հովիւ ծառայ ունենայ, որ երբոր յանդիցը գայ տուն մտնէ, շուտով ասէ նորան, թէ Եկ սեղան նստիր:  Այլ չի՞ ասիլ նորան, թէ պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ’ուտես եւ կ’խմես:  Մի՞թէ այն ծառայիցը շնորհակալ կը լինի, որ այն բոլոր իրան հրամայածներն արաւ. չ’կարծեմ: 10  Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք. որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու: 11  Եւ եղաւ՝ երբոր նա Երուսաղէմ էր գնում, ինքը Սամարիայի եւ Գալիլեայի միջովն էր անցնում: 12  Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, որ հեռուանց կանգնեցին, 13  Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ ողորմիր: 14  Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան: 15  Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն: 16  Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. եւ ինքը Սամարիցի էր: 17  Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. ապա այն ինն ո՞ւր են: 18  Ետ դառնողներ չը գտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին: 19  Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. քո հաւատքն ապրեցրեց քեզ: 20  Երբոր Փարիսեցիներիցն հարցուեցաւ, թէ Աստուծոյ արքայութինն ե՞րբ պիտի գայ, պատասխանեց նորանց եւ ասեց. Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գայ: 21  Ոչ էլ կ’ասեն, թէ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է. որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է: 22  Աշակերտներին էլ ասեց. Օրեր կը գան, որ դուք կ’ցանկանաք մարդի Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնիլ: 23  Եւ ձեզ կ’ասեն՝ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, չը գնաք եւ ետեւիցը չ’հետեւիք: 24  Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը: 25  Բայց առաջ պէտք է որ նա շատ չարչարուի եւ անարգուի այս ազգիցը: 26  Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը: 27  Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում ՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց: 28  Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին: 29  Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց: 30  Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ մարդի Որդին կ’յայտնուի: 31  Այն օրումն ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ: 32  Յիշեցէք Ղովտի կինը: 33  Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան: 34  Ասում եմ ձեզ. նոյն գիշերումն երկու հոգի մէկ մահիճի մէջ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի: 35  Երկու հոգի միասին աղալու վերայ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի. եւ երկու հոգի արտումը կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի: 36  Եւ պատասխանեցին եւ նորան ասեցին. Տէր, ո՞րտեղ: 37  Նա էլ ասեց նորանց. Որտեղ մարմինն է, արծիվներն էլ այնտեղ կ’հաւաքուին:

Ծանոթագրություններ