Ղուկաս 19։1-48

19  Եւ մտած՝ Երիքովի միջովն անցնում էր:  Եւ ահա մի մարդ՝ անունով Զաքէոս կոչուած, որ նա մաքսապետ էր, եւ ինքը հարուստ էր:  Եւ ուզում էր Յիսուսին տեսնել թէ ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. որովհետեւ հասակով կարճ էր:  Եւ առաջ վազեց. վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան. որովհետեւ այնտեղովը պիտի անցնէր:  Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց եւ նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. որովհետեւ ինձ այսօր պէտք է քո տանը կենալ:  Նա էլ շտապելով իջաւ եւ ուրախութինով ընդունեց նորան:  Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում թէ Մեղաւոր մարդի մօտ մտաւ հանգիստ առնելու:  Զաքէոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կ’վճարեմ:  Յիսուսն էլ նորան ասեց թէ Այսօր փրկութիւն եղաւ այս տանը. որովհետեւ սա էլ Աբրահամի որդի է. 10  Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին: 11  Եւ դեռ որ նորանք այս բաները լսում էին, մի առակ աւելացրեց եւ ասեց, որովհետեւ Երուսաղէմին մօտենում էր, եւ նորանք կարծում էին, թէ Աստուծոյ արքայութիւնը իսկոյն յայտնուելու է: 12  Ապա ասեց. Մի ազնուական գնաց հեռու երկիր, որ թագաւորութիւն առնէ իրան համար եւ ետ դառնայ: 13  Եւ իր տասը ծառաներին կանչեց, տասը մնաս տուաւ նորանց, եւ ասեց նորանց. Բանեցրէք մինչեւ որ գամ: 14  Բայց նորա քաղաքացիներն ատում էին նորան. եւ նորա ետեւիցը պատգամաւորներ ուղարկեցին եւ ասեցին. Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերայ: 15  Եւ եղաւ՝ որ նա թագաւորութիւնն առած ետ դառաւ եւ ասեց որ կանչեն այն ծառաներին, որոնց տուել էր արծաթը, որ իմանայ թէ ով ինչ շահուեցաւ: 16  Եւ առաջինն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս: 17  Եւ նորան ասաց. Լաւ, բարի ծառայ, որովհետեւ քիչումը հաւատարիմ եղար, տասը քաղաքի վերայ իշխանութիւն ունեցիր: 18  Եւ երկրորդն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց: 19  Նորան էլ ասեց. Դու էլ հինգ քաղաքի վերայ եղիր: 20  Եւ ուրիշն էլ եկաւ եւ ասեց. Տէր, ահա քո մնասը՝ որ վարշամակի մէջ պատած պահում էի: 21  Որովհետեւ վախում էի քեզանից. որովհետեւ դու խիստ մարդ ես. վեր ես առնում ինչ որ չես դրել, եւ հնձում ես ինչ որ չես սերմել. 22  Եւ ասեց նորան. Քո բերանիցը դատում եմ քեզ, չար ծառայ. գիտէիր որ ես խիստ մարդ եմ, որ վեր եմ առնում ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ ինչ որ չեմ սերմել: 23  Էլ ի՞նչու իմ արծաթը սեղանաւորներին չ’տուիր, որ ես գայի շահով ետ առնէի նորան: 24  Եւ այնտեղ կանգնողներին ասեց. Առէք դորանից մնասը, եւ տուէք տասը մնասն ունեցողին: 25  Եւ նորան ասեցին. Տէր, տասը մնաս ունի: 26  Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կ’տրուի. եւ չ’ունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի: 27  Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում, որ ես նորանց վերայ թագաւորեմ, , այստեղ բերէք եւ սպանեցէք իմ առաջին: 28  Եւ երբոր այս ասեց, առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ: 29  Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց. 30  Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. նորան արձակեցէք բերէք: 31  Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէմ ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա: 32  Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց: 33  Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը: 34  Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա: 35  Եւ նորան բերին Յիսուսի մօտ. եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին: 36  Եւ նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ: 37  Եւ երբոր նա արդեն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար, որ տեսել էին: 38  Եւ ասում էին՝ Օրհնեալ լինի Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութին լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը: 39  Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդպաետ, յանդիմանիր աշակերտներիդ: 40  Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու: 41  Եւ երբոր մոտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց. 42  Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը: 43  Որովհետեւ օրեր կ’գան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնեշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կ’նեղացնեն. 44  Եւ յիմնահատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը: 45  Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին. 46  Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել: 47  Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան: 48  Եւ չէին գտնում թէ ինչ անեն. որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով:

Ծանոթագրություններ