Ղուկաս 20։1-47

20  Եւ եղաւ որ այն օրերի մէկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ աւետարանելիս, քահանայապետները եւ դպիրները ծերերին հետ վերայ հասան:  Եւ ասեցին նորան. Ասիր մեզ, ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզ տուողը:  Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ ասեցէք ինձ.  Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից:  Եւ նորանք իրանց միջումը միտք արին եւ ասեցին.  Եթէ ասենք, Երկնքիցը. կ’ասէ. Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. եւ եթէ ասենք, Մարդկանցից, բոլոր ժողովուրդը կ’քարկոծէ մեզ. որովհետեւ համոզուած են թէ Յովհաննէսը մարգարէ է:  Եւ պատասախանեցին թէ չ’գիտեն, թէ ո՛ր տեղից է:  Եւ Յիսուսն էլ նորանց ասեց. Ես էլ ձեզ չեմ ասիլ՝ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները:  Եւ սկսեց այս առակն ասել ժողովրդին. Մի մարդ այգի տնկեց, եւ մշակների տուաւ նորան, եւ ինքը օտարութիւն գնաց շատ ժամանակով: 10  Եւ ժամանակին մի ծառայ ուղարկեց մշակների մօտ, որ այգու պտղիցն իրան տան. բայց մշակները ծեծեցին նորան եւ դատարկ ետ ուղարկեցին: 11  Եւ նորա վերայ մի ուրիշ ծառայ էլ ուղարկեց. եւ նորանք նորան էլ ծեծեցին, անպատիւ արին եւ դատարկ ետ ուղարկեցին: 12  Եւ նորա վերայ մի երրորդին էլ ուղարկեց. նորանք նորան էլ վիրավորեցին դուրս հանեցին: 13  Եւ այգու տէրն ասեց. Ի՞նչ անեմ. իմ սիրելի որդին ուղարկեմ. գուցե նորան տեսնելով ամաչեն: 14  Բայց մշակներն երբոր նորան տեսան՝ իրար հետ խորհուրդ արին եւ ասեցին. Սա է ժառանգը. եկէք սպանենք սորան. որ ժառանգութիւնը մերը լինի: 15  Եւ այգուցը դուրս հանեցին նորան եւ սպանեցին. արդ՝ այգու տէրն ի՞նչ կ’անէ նորանց: 16  Կ’գայ եւ այն մշակներին կ’կորցնէ, եւ այգին ուրիշներին կ’տայ: Լսողներն էլ ասեցին. Քաւ լիցի: 17  Իսկ նա մտիկ տուաւ նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ է այն գրուածը թէ Այն քարն՝ որ շինողներն անարգեցին նա անկիւնի գլուխ եղաւ: 18  Ամեն այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի, եւ ում վերայ որ նա ընկնի, կ’ջարդէ նորան: 19  Եւ քահանայապետներն եւ դպիրները նոյն ժամումն ուզում էին ձեռք ձգել նորա վերայ, բայց ժողովրդիցն վախեցան. որովհետեւ իմացան, որ իրանց համար ասեց այս առակը: 20  Եւ դարանամուտ լինելով խաբեբա մարդիկ ուղարկեցին, որ կեղծաւորութիւնով իրանց անձերն արդար էին ցոյց տալիս, որ խօսքով բռնեն նորան՝ տէրութեան եւ կուսակալի իշխանութեանը նորան մատնելու համար: 21  Եւ նորան հարցրին եւ եւ ասեցին. Վարդապետ, գիտենք որ ուղիղ ես խօսում եւ սովորեցնում, եւ երեսպատշտութիւն չես անում. այլ ճշմարտութիւնով սովորեցնում ես Աստուծոյ ճանապարհը: 22  Արժա՞ն է մեզ՝ Կայսրին հարկ տալ թէ ոչ: 23  Նորանց խորամանկութիւնը հասկանալով, ասեց նորանց. Ի՞նչու էք ինձ փորձում. 24  Ցոյց տուէք ինձ մի դահեկան: Ո՞ւ պատկերը եւ գիրը ունի սա: Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր: 25  Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն: 26  Եւ չ’կարողացան խօսքով բռնել նորան ժողովրդի առաջին. եւ նորա պատասխանի վերայ զարմանալով լռեցին: 27  Սադուկեցիներիցը, որ հակառակում են թէ յարութիւն չ’կայ, ոմանք մօտ եկան եւ հարցրին նորան, 28  Եւ ասեցին. Վարդապէտ, Մովսեսը գրեց մեզ, Եթէ մէկի եղբայրը մեռնէ, որ կին ունենայ, եւ ինքն անզաւակ մեռնէ, որ նորա եղբայրն այն կինն առնէ եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ: 29  Հիմա եօթն եղբարք կային, եւ առաջինը կին առաւ եւ առանց զաւակի մեռաւ: 30  Եւ երկրորդն էլ առաւ այն կինը, եւ նա էլ մեռաւ առանց զաւակի: 31  Երրորդն էլ առաւ նորան. այսպէս այն եօթն էլ, եւ որդիք չ’թողեցին, եւ մեռան: 32  Եւ ամենից յետոյ այն կինն էլ մեռաւ: 33  Արդ յարութեան ժամանակին նորանցից որի՞ն պիտի լինի կին. որովհետեւ այն եօթն էլ կին առան նորան: 34  Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս աշխարհքի որդիքը կին են առնում եւ մարդի են գնում: 35  Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան: 36  Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով: 37  Բայց թէ մեռելները յարութիւն կ’առնեն, Մովսէսն էլ մարգարէացաւ մորենու մօտ, ինչպէս Տիրոջ համար ասում է՝ Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած եւ Յակոբի Աստուած: 38  Իսկ Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար: 39  Դպիրներից ոմանք պատասխանեցին եւ ասեցին. Վարդապետ, լաւ ասեցիր. 40  Եւ այլեւս չէին համարձակում նորանից ոչ մի բան հարցնելու: 41  Եւ նորանց ասեց. Ի՞նչպէս են ասում Քրիստոսի համար՝ թէ Դաւիթի որդի է: 42  Եւ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքումն ասում է. Տէրն իմ Տիրոջն ասեց՝ Իմ աջ կողմը նստիր, 43  Մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ: 44  Արդ եթէ Դաւիթը Տէր է կոչում նորան, ապա ի՞նչպէս է նորա որդի: 45  Եւ երբոր բոլոր ժողովուրդը լսում էր, ասեց իր աշակերտներին. 46  Զգոյշ կացէք դպիրներիցը, որ փառաւոր պատմուճաններով կամենում են ման գալ եւ սիրում են հրապարակներումը բարեւ առնելը, եւ ժողովարանների մէջ առաջին աթոռները, եւ ընթրիքներումը վերեւի տեղերը: 47  Որ որբեւայրիների տներն ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. նորանք աւելի դատապարտութիւն կ’ընդունեն:

Ծանոթագրություններ