Ղուկաս 5։1-39

5  Եւ եղաւ, երբոր ժողովուրդը նորա վերայ կիտվում էր Աստուծոյ խօսքը լսելու, եւ ինքը Գեննեսարէթի ծովակի մօտ կանգնած էր.  Եւ երկու նաւ տեսաւ՝ ծովակի մօտ կանգնած, ձկնորսներն էլ նորանցից դուրս էին եկած՝ եւ ուռկանները լուանում էին:  Եւ նա մտաւ այն նաւերի մէկի մէջ որ Սիմօնինն էր, եւ խնդրեց նորան նաւը ցամաքիցը մի քիչ ներս տանել. նստեց եւ նաւիցը սովրեցնում էր ժողովուրդներին:  Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի:  Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կը գցեմ:  Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր:  Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին:  Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր:  Որովհետեւ ահ պատեց նորան եւ ամենքին էլ, որ նորա հետ էին, այն ձկների համար որ բռնեցին: 10  Այնպէս էլ Զեբեդեայի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որ Սիմօնի ընկերներն էին, եւ Յիսուսը Սիմօնին ասեց. Մի վախենար՝ այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես: 11  Եւ նաւերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին: 12  Եւ եղաւ, երբոր նա քաղաքներիցը մէկումն էր, ահա մի մարդ՝ բորոտութիւնով լիքը, երբոր Յիսուսին տեսաւ, երեսի վերայ ընկնելով, նորան աղաչեց՝ եւ ասեց. Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել: 13  Եւ նա իր ձեռքը մեկնելով դպաւ նորան եւ ասեց. Կամենում եմ, սրբուիր. եւ շուտով բորոտութիւնը հեռացաւ նորանից: 14  Եւ ինքը պատուիրեց նորան, որ ոչ ոքի չ’ասէ, այլ թէ՝ Գնա, անձդ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար ընծան բեր, ինչպէս Մովսէսը հրամայեց՝ նորանց վկայութեան համար: 15  Բայց նորա վերայ խօսակցութիւնը առաւել եւս տարածվում էր, եւ շատ ժողովուրդներ ժողովվում էին՝ որ լսեն եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուին նորանով: 16  Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք, եւ աղօթք էր անում: 17  Եւ մէկ օր եղաւ, որ ինքը սովորեցնում էր. եւ Փարիսեցիները եւ օրէնքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գիւղաքաղաքներիցը եւ Հրէաստանից եւ Երուսաղէմիցը հաւաքուած էին. եւ Տիրոջ զօրութիւնը կար նորանց բժշկելու համար: 18  Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նորան ներս տանել, եւ նորա առաջը դնել: 19  Եւ երբոր չ’գտան թէ որ տեղով նորան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, եւ օճորքիցը կախեցին նորան մահիճովը մէջտեղը Յիսուսի առաջին: 20  Եւ նա նորանց հաւատքը տեսնելով նորան ասեց. Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ: 21  Եւ դպիրները եւ Փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ո՞վ է, որ հայհոյանք է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել՝ բացի միայն Աստուած: 22  Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը. 23  Ո՞րն է աւելի հեշտ. ասել՝ Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ: 24  Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց եւ մահիճդ առ, եւ գնա քո տունը: 25  Եւ նա իսկոյն նորանց առաջին վեր կացաւ, իր վերայ առաւ այն՝ ինչի վերայ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ Աստուծուն փառաւորելով: 26  Եւ զարմանք բռնեց ամենքին, եւ փառք էին տալիս Աստուծուն. եւ ահով լցուեցան, եւ ասում էին, թէ Նորանշան բաներ տեսանք այսօր: 27  Եւ նորանից յետոյ Յիսուսը դուրս գնաց եւ մի մաքսաւոր տեսաւ՝ անունը Ղեւի, մաքս առնելու տեղը նստած, եւ նորան ասեց, Իմ ետեւից եկ: 28  Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ գնաց նորա ետեւից: 29  Եւ Ղեւին նորան մեծ ընդունելութիւն արաւ իր տան մէջ. եւ շատ բազմութիւն կար մաքսաւորների եւ ուրիշների, որ նորանց հետ սեղան էին նստել: 30  Եւ նորանց դպիրները եւ Փարիսեցիները տրտնջում էին նորա աշակերտների մօտ եւ ասում. Ի՞նչու էք մաքսաւորների հետ ուտում եւ խմում: 31  Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Առողջները կարօտ չեն բժշկի, այլ հիւանդները: 32  Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան: 33  Նորանք էլ ասեցին նորան. Ի՞նչու Յովհաննէսի աշակերտները ստէպ ծոմ են պահում եւ աղօթքներ են անում, նոյնպէս էլ Փարիսեցիները. իսկ քո աշակերտները ուտում են եւ խմում: 34  Նա էլ ասեց նորանց. Մի՞թէ կարող էք հարսանիքի տղաներին , քանի որ փեսան նորանց հետ է, ծոմ պահել տալ: 35  Բայց օրեր կ’գան, երբոր փեսան վեր կ’առնուի նորանցից. ապա այն օրերումը ծոմ կ’պահեն: 36  Մի առակ էլ ասեց նորանց թէ Ոչ ով մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վերայ չի գցիլ. ապա թէ ոչ, այն նորն էլ կ’պատառէ, եւ հնի հետ չի միաբանուիլ այն կտորը որ նորիցն է: 37  Եւ ոչ ով նոր գինի հին տկերի մէջ չի ածիլ. ապա թէ ոչ, նոր գինին տկերը կ’պատառէ. ինքն էլ կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն: 38  Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի, եւ երկուսն էլ կ’պահուին: 39  Եւ ոչ ով չ’կայ, որ հինը խմէ շուտով նորը կամենայ, որովհետեւ ասում է, թէ Հինն աւելի քաղցր է:

Ծանոթագրություններ