Ղուկաս 9։1-62

9  Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու:  Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու:  Եւ ասեց նորանց. Ոչինչ վեր չ’առնէք ճանապարհի համար. ոչ գաւազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու երկու վերարկու ունենալ:  Եւ ո՛ր տուն որ մտնէք՝ այնտեղ մնացէք, եւ այնտեղից դուրս գնացէք:  Եւ որոնք որ ձեզ չ’ընդունեն, այն քաղաքիցը դուրս գնալիս, ձեր ոտներիցը փոշին էլ թօթափեցէք՝ նորանց վկայութիւն լինելու համար:  Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը աւետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով:  Եւ Հերովդէս չորրորդապետը լսեց նորանից եղած բոլոր գործերը. եւ տարակուսանաց մէջ էր նորա համար՝ որ ոմանք ասում էին,  Թէ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, եւ ոմանք էլ, թէ Եղիան յայտնուել է. եւ ուրիշները, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել.  Եւ Հերովդէսն ասեց. Յովհաննէսին գլխատեցի. բայց սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում. եւ ուզում էր տեսնել նորան: 10  Եւ առաքեալները դարձան եւ պատմեցին նորան ինչ որ արին. եւ նորանց առաւ եւ գնաց առանձին մի անապատ տեղ՝ մի քաղաքի մօտ, որ կոչվում էր Բեթսայիդա: 11  Եւ ժողովուրդներն իմանալով, նորա ետեւից գնացին. եւ նորանց ընդունեց եւ նորանց հետ Աստուծոյ արքայութեան մասին խօսում էր, եւ նորանց՝ որ բժշկութեան կարօտ էին՝ բժշկում էր: 12  Եւ օրն սկսեց տարաժամել. տասնեւերկուքն էլ մօտ եկան եւ ասեցին նորան. Արձակիր այդ ժողովուրդը, որ շրջակայ գիւղերը եւ ագարակները գնան, իջեւանեն, եւ կերակուր գտնեն. որովհետեւ այստեղ անապատ տեղում ենք: 13  Եւ նորանց ասեք. Դուք տուէք դորանց ուտել. նորանք էլ ասեցին. Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ՝ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք: 14  Որովհետեւ հինգ հազարի չափ մարդիկ էին: Եւ նա իր աշակերտներին ասեց. Նստեցրէք դորանց դաս դաս յիսուն յիսուն: 15  Եւ այնպէս արին, եւ ամենքին նստեցրին: 16  Եւ այն հինգ հացն ու երկու ձուկն առաւ, դէպի երկինքը նայեց, օրհնեց նորանց եւ կտրեց, եւ տալիս էր աշակերտներին, որ ժողովրդի առաջին դնեն: 17  Ամենքը կերան եւ կշտացան. եւ կտորների փշրանքները վեր առան տասնեւերկու քթոց: 18  Եւ եղաւ, երբոր նա առանձին աղօթք էր անում, աշակերտներն էլ նորա հետ էին. եւ հարցրեց նորանց եւ ասեց. Ժողովուրդներն ինձ համար ո՞վ են ասում, թէ լինեմ: 19  Նորանք էլ պատասխանեցին եւ ասեցին. Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներն էլ՝ Եղիան, ուրիշներն էլ, թէ Առաջի մարգարէներից մէկը յարութիւն է առել: 20  Եւ նորանց ասեց. Բայց դուք ո՞վ էք ասում ինձ համար թէ լինեմ. Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Աստուծոյ Քրիստոսը: 21  Նա էլ սաստեց նորանց, եւ պատուիրեց՝ որ այս բանը ոչ ոքի չ’ասեն: 22  Եւ ասեց, թէ Պէտք է մարդի Որդին շատ չարչարուի եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երրորդ օրումը յարութիւն առնէ: 23  Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ: 24  Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. եւ ով որ իր անձն կորցնէ ինձ համար՝ նա կ’ապրեցնէ նորան: 25  Քանզի ի՞նչ օգուտ է մարդի, որ բոլոր աշխարհքս ստանայ, եւ իր անձը կորցնէ, կամ վնասուի: 26  Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ, երբոր գայ իր, եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքովը: 27  Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ. Այստեղ կանգնածներիցը ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը տեսնեն: 28  Եւ եղաւ, որ այս խօսքերիցն ութ օրի չափ յետոյ, Պետրոսին եւ Յովհաննէսին եւ Յակոբին առաւ՝ եւ վեր ելաւ սարը աղօթք անելու: 29  Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ: 30  Եւ ահա երկու մարդ խօսում էին նորա հետ, որ Մովսէսն եւ Եղիան էին. 31  Նորանք փառքով երեւեցած խօսում էին նորա վախճանի համար, որ Երուսաղէմումը կատարուելու էր: 32  Բայց Պետրոսը եւ նորա հետ լինողները քնով ծանրացած էին, եւ երբոր զարթնեցին՝ տեսան նորա փառքը, եւ այն երկու մարդկանցը որ նորա մօտ կանգնած էին: 33  Եւ եղաւ որ նորանք նորանից հեռանալիս, Պետրոսն ասեց Յիսուսին. Վարդապետ, լաւ է մեզ համար այստեղ կենալ. եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, եւ մէկը Մովսէսին, եւ մէկը Եղիային. եւ չ’գիտէր թէ ինչ էր խօսում: 34  Եւ երբոր նա այս ասում էր մի ամպ եկաւ եւ նորանց վերայ հովանի արաւ. եւ վախեցան, երբոր այն ամպի մէջ մտան։ 35  Եւ ձայն եղաւ ամպիցն, որ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, դորան լսեցէք։ 36  Եւ այն ձայնն որ եղաւ, Յիսուսը մինակ գտնուեցաւ. եւ նորանք լռեցին, եւ այն օրերումն ոչ ոքի ոչինչ չ’պատմեցին այն բաներիցն, որ տեսան: 37  Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանք սարիցն իջնելիս, շատ ժողովուրդ նորա առաջին եկաւ: 38  Եւ ահա ժողովրդիցը մի մարդ աղաղակեց եւ ասեց. Վարդապետ, աղաչում եմ քեզ, մտիկ տուր իմ որդուն, որովհետեւ միածնունդս է: 39  Եւ ահա ոգի բռնում է նորան, եւ նա յանկարծ գոռում է, եւ նորան գետնով է տալիս փրփրեցնելով, եւ հազիւ հեռանում է նորանից՝ նորան կոտրատելուց յետոյ: 40  Եւ ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն նորան, բայց չ’կարողացան: 41  Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ով անհաւատ եւ թիւր ազգ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ համբերեմ ձեզ. քո որդին այստեղ բեր: 42  Եւ նա դեռ մօտ գալիս՝ դեւը գետնով զարկեց նորան եւ շատ սաստիկ թափահարեց: 43  Իսկ Յիսուսը սաստեց պիղծ ոգուն, եւ երեխային բժշկեց. եւ նորան տուաւ իր հօրը: 44  Եւ ամենքը զարմանում էին Աստուծոյ մեծափառութեան վերայ: Եւ երբոր ամենքը զարմանում էին այն բաների վերայ, որ Յիսուսը անում էր, իր աշակերտներին ասեց. Այս խօսքերը դուք ձեր ականջներումը դրէք. որովհետեւ մարդի Որդին մարդկանց ձեռքն է մատնուելու: 45  Բայց նորանք չէին իմանում այն խօսքը եւ ծածկուած էր նորանցից, որ չ’հասկանան նորան. եւ վախենում էին հարցնել նորան այն բանի համար: 46  Մի խորհուրդ էլ մտաւ նորանց մէջ՝ այն թէ՝ նորանցից ո՞վ լինի մեծը: 47  Յիսուսն էլ նորանց սրտերի մտածմունքներն իմանալով մի երեխայ առաւ՝ եւ նորան կանգնեցրեց իրան մօտ, 48  Եւ ասեց նորանց. Ով որ այս երեխային ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին է ընդունում. որովհետեւ ով որ ձեր ամենիդ մէջ փոքրագոյն է, նա մեծ կ’լինի: 49  Յովհաննէսն էլ պատասխանեց եւ ասեց. Վարդապետ, մէկը տեսանք, որ քո անունովը դեւեր էր հանում, եւ արգելեցինք նորան, որովհետեւ մեզ հետ չէ ման գալիս: 50  Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է: 51  Եւ եղաւ, երբոր նորա վերանալու օրերը կատարվում էին, նա իր երեսը հաստատեց* որ գնայ Երուսաղէմ: 52  Եւ իր երեսի առաջին պատգամաւորներ ուղարկեց. եւ գնացին՝ Սամարացիների մի գիւղը մտան, որ նորա համար բան պատրաստեն: 53  Բայց նորանք չ’ընդունեցին նորան, որ նորա երեսը ուղղուած էր Երուսաղէմ գնալու: 54  Երբոր նորա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը տեսան՝ ասեցին. Տէր՝ կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնէ երկնքիցը եւ նորանց սատկեցնէ ինչպէս Եղիան էլ արաւ: 55  Նա էլ դարձաւ՝ սաստեց նորանց եւ ասեց. Դուք չ’գիտէք՝ թէ ո՛ր հոգու էք դուք: 56  Որովհետեւ մարդի Որդին չ’եկաւ՝ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու. եւ գնացին ուրիշ գիւղ: 57  Եւ եղաւ որ նորանք գնալիս, ճանապարհին մի մարդ նորան ասեց. Ես քո ետեւիցը կ’գամ՝ ո՛րտեղ որ գնաս, Տէր: 58  Յիսուսն էլ նորան ասեց. Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ: 59  Մի ուրիշին էլ ասեց. Իմ ետեւից եկ. եւ նա ասեց. Տէր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հայրը թաղեմ: 60  Յիսուսը նորան ասեց. Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն. իսկ դու գնա Աստուծոյ արքայութիւնը քարոզիր: 61  Մի ուրիշն էլ ասեց. Տէր, քո ետեւից կ’գամ. միայն թէ առաջ հրաման տուր ինձ, որ իմ տանը բարեւ մնա ասեմ: 62  Յիսուսն էլ նորան ասեց. Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար:

Ծանոթագրություններ

9։51 հաստատ որոշեց։