Ղևտական 10։1-20
10 Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբն ու Աբիուդը ամեն մէկն իր բուրվառն առաւ, եւ նորանց մէջը կրակ դրին, եւ վերան խունկ դրին, եւ Եհովայի առաջին օտար կրակ մատուցրին, որ ինքը չէր պատուիրել նորանց:
2 Եւ Եհովայի առաջիցը կրակ ելաւ եւ սպառեց նորանց, եւ նորանք մեռան Եհովայի առաջին:
3 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Սա այն է որ Եհովան խօսեց ասելով. Ինձ մօտեցողներովը պիտի սրբուիմ, եւ բոլոր ժողովրդի առաջին պիտի փառաւորուիմ. եւ Ահարօնը լռեց:
4 Եւ Մովսէսը կանչեց Ահարօնի հօրեղբայր՝ Ոզիէլի որդիք Միսայէլին եւ Եղիսափանին, եւ ասեց նորանց. Մօտեցէք, ձեր եղբայրներին սրբարանի առջեւից բանակիցը դուրս տարէք:
5 Եւ նորանք մօտեցան եւ տարին նորանց իրանց շապիկներովը բանակիցը դուրս:
6 Եւ Մովսէսն ասեց Ահարօնին՝ եւ նորա որդկանցը՝ Եղիազարին եւ Իթամարին. Ձեր գլուխները մի բանաք, եւ ձեր հանդերձները մի պատառէք, որ չ’մեռնէք, եւ բոլոր ժողովրդի վերայ բարկութիւն չ’գայ. բայց ձեր եղայրները՝ Իսրայէլի բոլոր տունը՝ թող Եհովայի արած այրումի վերայ լաց լինեն:
7 Եւ դուք ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք, որ չ’մեռնէք. որովհետեւ Եհովայի օծման իւղը ձեր վերայ է. եւ նորանք Մովսէսի խօսքի պէս արին:
8 Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ ասելով.
9 Եհովայի ժողովքի խորանը մտնելիս գինի եւ օղի չ’խմէք, թէ դու եւ թէ քո որդիքը քեզ հետ, որ չ’մեռնէք. սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի,
10 Սուրբի եւ անսուրբի մէջտեղը, եւ անմաքուրի ու մաքուրի մէջտեղը տարբերելու համար.
11 Եւ Իսրայէլի որդիների այն բոլոր կանոնները սովորեցնելու համար, որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել է նորանց հետ:
12 Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա մնացած որդիք՝ Եղիազարի եւ Իթամարի հետ, թէ Եհովայի պատարագներից աւելացած հացի նուէրն առէք, եւ սեղանի մօտ բաղարջ կերէք. որովհետեւ նա ամենասուրբ է:
13 Սուրբ տեղը կերէք այն. որովհետեւ Եհովայի պատարագներիցը քո իրաւունքն ու քո որդիների իրաւունքն է. որովհետեւ ինձ այսպէս է պատուիրուած:
14 Եւ երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը դու եւ քո որդիքը եւ քո աղջիկները քեզ հետ մի մաքուր տեղ պիտի ուտէք. որովհետեւ Իսրայէլի որդիների խաղաղութեան զոհերիցը սա տրվում է իբրեւ քո իրաւունք եւ քո որդիների իրաւունք:
15 Բարձրացնելու զիստը եւ երերացնելու երբուծը ճարպի պատարագներովը Եհովայի առաջը բերեն երերացնելու համար. եւ քոնը եւ քեզ հետ քո որդիներինը լինի յաւիտենական կանոնով. ինչպէս որ Եհովան պատուիրել է:
16 Եւ Մովսէսը մեղքի պատարագի նոխազը զգուշութեամբ որոնեց, բայց ահա այրուած էր. եւ Ահարօնի մնացած որդիք՝ Եղիազարի եւ Իթամարի վերայ բարկացաւ ասելով.
17 Ի՞նչու մեղքի պատարագը սուրբ տեղումը չ’կերաք. որովհետեւ սա ամենասուրբ է, եւ Եհովան այն տուաւ ձեզ որ ժողովքի անօրէնութիւնը վեր առնէք Եհովայի առաջին նորանց համար քաւութիւն անելով:
18 Ահա նորա արիւնը սրբարանի մէջը չ’բերուեցաւ. դուք պիտի ուտէիք այն իմ պատուիրածի պէս սուրբ տեղը:
19 Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ահա այսօր իրանց մեղքի պատարագն ու ողջակէզը Եհովայի առաջին մատուցրին, եւ ինձ այսպիսի բաներ պատահեցին, եւ եթէ այսօր մեղքի պատարագն ուտէի, Եհովայի առաջին հաճոյ կ’լինէ՞ր արդեօք:
20 Եւ Մովսէսը լսեց, եւ հաւանեց: