Ղևտական 17։1-16

17  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.  Իսրայէլի տանիցին ով որ արջառ կամ ոչխար եւ կամ այծ բանակի մէջ մորթէ, կամ բանակիցը դուրս մորթէ,  Եւ չ’բերէ Եհովայի խորանի առաջը Եհովային զոհ մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, դա արիւն պիտի համարուի այն մարդի համար. նա արիւն է թափել, եւ այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ:  Որպէս զի Իսրայէլի որդիքը այն զոհերը որ դաշտի մէջ մորթում են, Եհովային բերեն ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ, եւ զոհեն իբրեւ խաղաղութեան զոհեր Եհովային:  Եւ քահանան սրսկէ արիւնը ժողովքի խորանի դրանը Եհովայի սեղանի վերայ, եւ ճարպն այրէ անոյշ հոտի համար Եհովայի առաջին:  Եւ իրանց զոհերն՝ այլ եւս չ’զոհեն դեւերին*, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ:  Եւ նորանց ասես. Եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ողջակէզ կամ զոհ մատուցանելու լինի,  Եւ նորան չ’բերէ Եհովային մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ: 10  Եւ եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչ եւ իցէ արիւն ուտելու լինի, իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ եւ նորան կորցնեմ իր ժողովրդի միջիցը. 11  Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը: 12  Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չ’ուտէ. եւ ձեր մէջ պանդխտացող օտարականն էլ արիւն չ’ուտէ: 13  Եւ Իսրայէլի որդիներից՝ կամ նորանց մէջ պանդխտացող օտարականից մէկը՝ եթէ ուտուելու անասունի կամ թռչունի որս որսալու լինի, նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան: 14  Որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է իր հոգիովը. եւ Իսրայէլի որդիներին ասեցի. Բնաւ մի մարմնի արիւն պիտի չ’ուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է. ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ: 15  Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից՝ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է: 16  Բայց եթէ չ’լուանայ, եւ իր մարմինը չ’լուանայ, այն ժամանակ իր անօրէնութիւնը պիտի կրէ:

Ծանոթագրություններ

17։7 այծերին։