Ղևտական 18։1-30

18  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը:  Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չ’անէք. եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չ’անէք, ու նորանց կանոնների համեմատ չ’գնաք:  Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. ես եմ Եհովան ձեր Աստուածը:  Եւ պահեցէք իմ կանոններն եւ դատաստանները. ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կ’ապրէ. ես եմ Եհովան:  Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ’մօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. ես եմ Եհովան:  Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չ’բանաս. նա քո մայրն է. նորա մերկութիւնը չ’բանաս:  Քո հօր կնոջ մերկութիւնը չ’բանաս. նա քո հօր մերկութիւնն է:  Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չ’բանաս: 10  Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չ’բանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է: 11  Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չ’բանաս: 12  Քո հօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. նա քո հօր արիւնակիցն է: 13  Քո մօր քրոջ մերկութիւնը չ’բանաս. որովհետեւ նա քո մօր ազգականն է: 14  Քո հօր եղբօր մերկութիւնը չ’բանաս, նորա կնոջը չ’մօտենաս. նա քո հօր եղբօր կինն է: 15  Քո հարսի մերկութիւնը չ’բանաս. նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չ’բանաս: 16  Քո եղբօր կնոջ մերկութիւնը չ’բանաս, նա քո եղբօր մերկութիւնն է: 17  Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չ’բանաս. եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չ’առնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. նորանք նորա ազգականներն են. պղծութիւն է այդ: 18  Եւ մի կնիկ իր քրոջ հետ չ’առնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար: 19  Եւ կնկան չ’մօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու: 20  Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չ’պառկես, նորա հետ պղծուելով: 21  Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չ’թողես, եւ քո Աստուծոյ անունը չ’պղծես. ես եմ Եհովան: 22  Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չ’պառկես. պղծութիւն է այդ: 23  Եւ ոչ մի անասունի հետ չ’զուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չ’կանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ: 24  Սորանց ոչ մէկովը չ’պղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ: 25  Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ: 26  Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ, այս պղծութիւններիցը ոչ մէկը չ’անէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը. 27  Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ. 28  Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չ’փսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց: 29  Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն: 30  Եւ իմ հրամանները պահէք, որ ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չ’անեք, եւ նորանցով չ’պղծուիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը:

Ծանոթագրություններ