Ղևտական 25։1-55

25  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինա սարումն ասելով.  Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբոր այն երկիրը մտնէք՝ որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկրը՝ հանգստութեան շաբաթ պահէ Եհովայի համար:  Վեց տարի քո արտը վարես, եւ քո այգին վեց տարի յօտես, եւ նորա արդիւնքը ժողովես.  Բայց եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի. քո արտը պիտի չ’վարես, եւ քո այգին չ’յօտես:  Քո հունձքի ինքնեկը պիտի չ’հնձես, եւ քո չ’յօտած այգու խաղողները չ’ժողովես. հանգստութեան տարի լինի այն երկրի համար:  Եւ երկրի շաբաթը ձեզ համար կերակուր լինի, քեզ համար եւ քո ծառայի համար եւ քո աղախնի համար եւ քո վարձկանի համար, եւ քեզ մօտ պանդխտացող օտարականի համար:  Եւ քո անասունների եւ քո երկրի մէջ եղած կենդանիների համար կերակուր լինի նորա բոլոր արդիւնքը:  Եւ դու քեզ համար տարիների եօթը շաբաթ համարես, այսինքն եօթն անգամ եօթը տարի. եւ տարիների եօթը շաբաթների ժամանակը քառասունեւինը տարի պիտի լինեն քեզ համար:  Եւ փողի ձայն հնչեցնես եօթներորդ ամսուայ տասնին, քաւութեան օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնէք փողը: 10  Եւ յիսուներորդ տարին սրբէք, եւ երկրի վրայ նորա բոլոր բնակիչների համար ազատութիւն հրատարակեցէք. սա ձեզ համար Յոբելեան լինի եւ ձեզանից ամեն մէկն իր ստացուածքին դառնայ, եւ ձեզանից ամեն մէկն իր ազգատոհմին դառնայ: 11  Այս յիսուներորդ տարին Յոբելեան տարի լինի ձեզ համար. ոչ ցանէք ոչ էլ ինքնեկ բուսածը յօտէք, եւ ձեր չ’յօտածիցը չ’ժողովէք: 12  Որովհետեւ Յոբելեան է. նա ձեզ համար սուրբ լինի. արտիցը նորա արդիւնքը ուտէք: 13  Այս Յոբելեան տարին ձեզանից ամեն մէկը իր ստացուածքին դառնայ: 14  Եւ եթէ քո դրացուն մի բան ծախելու լինես, կամ քո դրացու ձեռքիցը ծախու առնելու լինես, ձեզանից մէկն իր ընկերին անիրաւութիւն չ’անէ: 15  Յոբելեանից յետոյ եղած տարիների հաշիւովը ծախու առնես քո դրացուցը. արդիւնքի տարիների հաշիւովը պիտի ծախէ քեզ վերայ: 16  Տարիների շատութեան համեմատ պիտի աւելացնես նորա գինը, եւ տարիների քիչութեան համեմատ պիտի պակասեցնես նորա գինը. որովհետեւ նա արդիւնքի հաշիւովն է ծախում քեզ վերայ: 17  Եւ իրար անիրաւութիւն չ’անէք, եւ քո Աստուածանից պիտի վախես. որովհետեւ ես եմ Եհովան ձեզ Աստուածը: 18  Եւ իմ կանոններն անէք, եւ իմ դատաստանները պահէք եւ անէք նորանց. եւ այն երկրի մէջ ապահովութեամբ կ’բնակուէք: 19  Եւ երկիրն իր արդիւնքը կ’տայ, եւ մինչեւ ձեր կշտանալը կ’ուտէք. եւ նորա մէջ ապահովութեամբ կ’բնակուէք: 20  Եւ եթէ ասէք. թէ Եօթներորդ տարին ի՞նչ կ’ուտենք. ահա պիտի չ’վարենք եւ մեր արդիւնքները պիտի չ’ժողովենք. 21  Սակայն ես կ’հրամայեմ իմ օրհնութեանը ձեզ համար վեցերորդ տարին, եւ երեք տարուայ արդիւնք կ’տայ: 22  Եւ ութերորդ տարին վար կ’անէք, եւ հին արդիւնքիցը կ’ուտէք մինչեւ իններորդ տարին. մինչեւ նորա արդիւնքի հասնելը՝ հինիցը կ’ուտէք: 23  Եւ երկիրը պիտի չ’ծախուի մշտնջենապէս. որովհետեւ երկիրը իմն է, եւ դուք ինձ մօտ պանդուխտներ եւ հիւրեր էք: 24  Եւ ձեր կալուածքի բոլոր երկրումը փրկանք պիտի տաք երկրի համար: 25  Եթէ քո եղբայրն աղքատանայ՝ եւ իր ստացուածքիցը ծախէ, եւ նորա մօտիկ ազգականը նորա մօտ գայ, նա իր եղբօր ծախածը փրկէ: 26  Եւ եթէ մի մարդ փրկող չ’ունի, եւ իր ձեռքը չէ հասնում որ նորան փրկէ, 27  Այն ժամանակ իր ծախելուցը հաշիւ անէ տարիները, եւ աւելորդը ետ տայ այն մարդին՝ որի վերայ ծախել էր, եւ դարձեալ իր ստացուածքը լինի: 28  Բայց եթէ ձեռքը չ’հասնէ նորան ետ տալու, այն ժամանակ իր ծախած բանը ծախու առնողի ձեռին մնայ մինչեւ Յոբելեան տարին, եւ Յոբելեանումը դուրս գայ, եւ իր ստացուածքը դառնայ: 29  Եւ եթէ մէկը պարսպաւոր քաղաքի մէջ մի բնակուելու տուն ծախէ, նորան ծախելուցը մինչեւ մի կատարեալ տարի լինի նորա փրկելը. նորա փրկելը մէկ տարուայ մէջ լինի: 30  Եւ եթէ այն բոլոր տարուայ լրանալումը նա չ’փրկուի, այն ժամանակ պարսպաքաղաքումն եղած տունը միշտ ծախու առնողինը պիտի մնայ իր ազգերի մէջ: Յոբելեան տարումը պիտի ետ չ’դառնայ. 31  Բայց շուրջը պարսպաւոր չ’եղած գիւղաքաղաքների տները երկրի արտերի պէս պիտի համարուին. նորանց համար փրկուիլ լինի, եւ Յոբելեան տարին պիտի ետ դառնան: 32  Իսկ Ղեւտացիների քաղաքների մէջ իրանց կալուածքի քաղաքների տները Ղեւտացիները միշտ կարող լինին փրկել: 33  Եւ եթէ մէկը Ղեւտացիներից ծախու առնելու լինի, այն ժամանակ ծախուած տունը իր կալուածքը եղող քաղաքի մէջ Յոբելեան տարին պիտի ետ դառնայ. որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ Ղեւտացիների քաղաքների տներն իրանց կալուածքն են: 34  Բայց իրանց քաղաքների անդերի արտերը պիտի չ’ծախուին, որովհետեւ նորանց յաւիտենական կալուածքն է այն: 35  Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնես իբրեւ օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի: 36  Վաշխ եւ տոկոսիք չ’առնես նորանից, այլ վախես քո Աստուածանից, որ եղբայրդ քեզ մօտ ապրի: 37  Փողդ վաշխով պիտի չ’տաս նորան, եւ կերակուրդ տոկոսիքով չ’տաս: 38  Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ Քանանի երկիրը ձեզ տալու համար, եւ ձեզ Աստուած լինելու համար: 39  Եւ եթէ եղբայրդ քեզ մօտ աղքատանայ, եւ իրան ծախէ քեզ վերայ, նորան չ’ծառայեցնես ծառայի ծառայութիւնով. 40  Վարձկանի կամ պանդուխտի պէս լինի նա քեզ մօտ. մինչեւ Յոբելեան տարին ծառայէ քեզ: 41  Եւ յետոյ քո մօտիցը դուրս գայ, ինքն եւ իր որդիքն իր հետ, եւ իր ազգատոհմի մօտ ետ դառնայ, եւ իր հայրերի կալուածքի մօտ ետ դառնայ: 42  Որովհետեւ նորանք իմ ծառաներն են, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի. նորանք ծառայի ծախուելու պէս չ’ծախուին: 43  Խստութեամբ չ’իշխես նորա վերայ, այլ քո Աստուածանից վախես: 44  Եւ քո ծառան եւ աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղած ազգերիցը լինեն. ծառայ եւ աղախին նորանցից ծախու առէք: 45  Նաեւ ձեզ մօտ բնակուող օտարականների զաւակներից, նորանցից ծախու առէք եւ ձեզ մօտ եղող նորանց ընտանիքներիցը որ ձեր երկրումը ծնուած են, եւ ձեր ստացուածքը լինեն. 46  Եւ ձեզանից յետոյ ձեր որդկանց ժառանգութեան ստացուածք լինելու համար թողէք նորանց, եւ միշտ գործածեցէք իրբեւ ձեր ծառաները. բայց ձեր եղբարց՝ Իսրայէլի որդիների մասին՝ իրար վերայ խստութեամբ պիտի չ’իշխէք: 47  Եւ եթէ քեզ մօտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանայ, բայց նորա մօտ եկող քո եղբայրը աղքատանայ, եւ իրան ծախելու լինի քեզ մօտ պանդխտացող օտարականի, կամ այն օտարականի ընտանեաց մէկ ազգականի վերայ, 48  Նորա ծախուելուց յետոյ նա կարող է փրկուիլ. իր եղբայրներիցը մէկը փրկէ նորան: 49  Նորա հօրեղբայրը կամ հօրեղբօրորդին փրկէ նորան. կամ իր ազգատոհմի մէջ իր մօտիկ ազգականներից մէկը փրկէ նորան. կամ եթէ նորա ձեռքը հասնէ թող ինքն իրան փրկէ: 50  Եւ հաշիւ անէ իրան ծախու առնողի հետ՝ նորա վերայ ծախուած տարուցը մինչեւ Յոբելեան տարին, եւ իրան փրկուելու փողը տարիների հաշիւովը լինի. նորա ժամանակը վարձկանի ժամանակի պէս հաշւուի. 51  Եթէ տակաւին շատ տարի կայ, նորանց համեմատ իրան ծախուած գնիցն իր փրկանքը տայ. 52  Եւ եթէ քիչ տարի է մնացել մինչեւ Յոբելեան տարին նորա հետ հաշիւ անէ, եւ իր տարիների համեմատ իր փրկանքը տայ: 53  Տարեկան վարձկանի պէս պիտի համարուի նորա մօտ. խստութեամբ չ’իշխէ նորա վերայ քո առաջին: 54  Եւ եթէ այս կերպերով չ’փրկուի, Յոբելեան տարումն դուրս գայ ինքը եւ իր որդիքը իր հետ. 55  Որովհետեւ Իսրայէլի որդիքը իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրիցն իմ հանած ծառաներն են նորանք. ես եմ Եհովան ձեր Աստուածը:

Ծանոթագրություններ