Ղևտական 4։1-35

4  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր. Եթէ մէկ անձ սխալմամբ մեղանչէ, եւ Եհովայի բոլոր այն պատուէրների դէմ, որ պիտի չ’անուին, նորանցից մէկն անէ,  Եթէ օծուած քահանան մեղանչէ ժողովուրդը յանցաւոր անելով, նա իր գործած մեղքի համար արջառներից մի անարատ զուարակ մատուցանէ Եհովային մեղքի պատարագ:  Եւ զուարակը բերէ ժողովքի խորանի դուռը Եհովայի առաջը, եւ իր ձեռքը զուարակի գլխին դնէ, եւ Եհովայի առաջին մորթէ զուարակը:  Եւ օծուած քահանան զուարակի արիւնիցն առնէ եւ ժողովքի խորանը բերէ:  Եւ քահանան իր մատը արիւնին թաթախէ, եւ արիւնիցը սրսկէ եօթը անգամ Եհովայի առաջին սրբարանի վարագոյրի դիմացը:  Եւ քահանան արիւնիցը քսէ Եհովայի առաջին անուշահոտ խունկի սեղանի եղջիւրների վերայ, որ ժողովքի խորանումն է. եւ զուարակի մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ:  Եւ մեղքի պատարագ եղած զուարակի բոլոր ճարպը վեր առնէ նորանից, այսինքն փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ փորոտիքի վերայ եղած բոլոր ճարպը.  Եւ երկու երիկամունքը՝ եւ նորանց վերայ եւ մսանանց վերայ եղած ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը երիկամունքներովը մէկտեղ հանէ, 10  Ինչպէս որ հանվում է խաղաղութեան զոհի արջառիցը. եւ քահանան ողջակէզի սեղանի վերայ այրէ նորանց: 11  Եւ զուարակի մորթը՝ եւ նորա բոլոր միսը՝ գլխովը եւ ոտքերովը, եւ նորա փորոտիքը եւ աղբը, 12  Այսինքն բոլոր զուարակը բանակիցը դուրս մի մաքուր տեղ մոխիր թափուած տեղը հանէ, եւ այրէ նորան փայտերի վերայ կրակով. մոխիր թափուած տեղը այրուի: 13  Եւ եթէ Իսրայէլի բոլոր ժողովքը սխալուի, եւ բանը ծածուկ մնայ ժողովքի աչքիցը, եւ անեն Եհովայի բոլոր պատուէրներից մէկն, որ պիտի չ’անուի, այն ժամանակ յանցաւոր լինին: 14  Եւ իմացուի նորանց այն արած մեղքը, ժողովքը արջառներից մի զուարակ մատուցանեն մեղքի պատարագ, եւ նորան բերեն ժողովքի խորանի առաջը: 15  Եւ ժողովքի ծերերն իրանց ձեռքերը զուարակի գլխին դնեն Եհովայի առաջին. եւ զուարակը մորթեն Եհովայի առաջին: 16  Եւ օծուած քահանան զուարակի արիւնիցը բերէ ժողովքի խորանը: 17  Եւ քահանան իր մատը արիւնին թաթախէ, եւ եօթն անգամ սրսկէ Եհովայի առաջին՝ վարագոյրի դիմացը: 18  Եւ արիւնիցը քսէ ժողովքի խորանի մէջ Եհովայի առաջին եղած սեղանի եղջիւրներին. եւ մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ: 19  Եւ նորա բոլոր ճարպը վեր առնէ նորանից, եւ սեղանի վերայ այրէ: 20  Եւ այս զուարակին այնպէս անէ ինչպէս որ արաւ մեղքի պատարագ եղած զուարակին: Եւ քահանան նորանց համար քաւութիւն անէ, եւ նորանց թողութիւն լինի: 21  Եւ բանակիցը դուրս հանէ զուարակը, եւ այրէ նորան ինչպէս որ առաջի զուարակն այրեց. ժողովքի համար մեղքի պատարագ է այս: 22  Երբոր մի իշխան մեղք գործելու լինի, եւ անէ սխալմամբ իր Եհովայ Աստուծոյ պատուէրներից մէկը, որ պիտի չ’անուի, այն ժամանակ յանցաւոր լինի: 23  Եթէ իր արած մեղքն իրան իմացնուի, իր համար այծերից մի արու անարատ նոխազ պատարագ բերէ. 24  Եւ եր ձեռքը նոխազի գլխին դնէ, եւ մորթէ նորան Եհովայի առաջին ողջակէզի մորթուելու տեղը. մեղքի պատարագ է այս: 25  Եւ քահանան մեղքի պատարագի արիւնիցն իր մատովն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին, եւ նորա մնացած արիւնը թափէ ողջակէզի սեղանի յատակի վերայ: 26  Եւ նորա բոլոր ճարպը՝ սեղանի վերայ այրէ խաղաղութեան զոհի ճարպի պէս. եւ քահանան նորա մեղքի համար քաւութիւն անէ, եւ թողութիւն լինի նորան: 27  Եւ եթէ երկրի ժողովրդից մէկը մեղանչէ՝ անելով Եհովայի պատուէրների մէկն, որ պիտի չ’անուի, այն ժամանակ յանցաւոր լինի: 28  Եթէ նորա արած մեղքն իրան իմացնուի, իր արած մեղքի համար իր պատարագը այծերից մի անարատ էգ այծ բերէ: 29  Եւ ձեռքը մեղքի պատարագի գլխին դնէ, եւ մեղքի պատարագը մորթէ ողջակէզի տեղը: 30  Եւ քահանան իր մատովը նորա արիւնիցն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին, եւ մնացած բոլոր արիւնը թափէ սեղանի յատակի վերայ: 31  Եւ նորա բոլոր ճարպը հանէ ինչպէս որ հանվում է խաղաղութեան զոհի ճարպը. եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ անոյշ հոտի համար Եհովայի առաջին. եւ քահանան նորա համար քաւութիւն անէ, եւ նորան թողութիւն լինի: 32  Եւ եթէ գառն մատուցանելու լինի մեղքի պատարագ, մի անարատ էգ գառ բերէ. 33  Եւ իր ձեռքը մեղքի պատարագի գլխին դնէ, եւ մորթէ նորան մեղքի պատարագ՝ ուր որ ողջակէզները մորթում են մեղքի պատարագ: 34  Եւ քահանան իր մատովը մեղքի պատարագի արիւնիցն առնէ, եւ քսէ ողջակէզի սեղանի եղջիւրներին. եւ մնացած բոլոր արիւնը թափէ սեղանի յատակի վերայ: 35  Եւ բոլոր ճարպը հանէ ինչպէս որ խաղաղութեան զոհից գառի ճարպը հանվում է. եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ Եհովայի պատարագների հետ. եւ քահանան նորա արած մեղքի համար քաւութիւն անէ, եւ թողութիւն լինի նորան:

Ծանոթագրություններ