Ղևտական 6։1-30

6  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Եթէ մի անձ մեղանչէ, եւ Եհովայի դէմ յանցանք անէ, եւ իր դրացուն ստութիւն խօսէ մի աւանդի համար՝ կամ իր ձեռքը յանձնուած մի բանի համար՝ կամ մի յափշտակուած բանի համար, կամ իր դրացուն խարդախութիւն անելու լինի,  Կամ մի կորած բան գտնէ, եւ ուրանայ ու սուտ երդում անէ, բոլոր այս բաների մէկում՝ որ մարդ կարող է անել, մեղանչելով նորանցով,  Այն ժամանակ՝ ըստ որում մեղք է գործել ու յանցանք արել, ետ տայ յափշտակածը որ յափշտակել է կամ խարդախութեամբ առածը կամ իրան յանձնուած աւանդը՝ կամ գտած կորուստը.  Կամ ամեն բան՝ որի համար սուտ երդում է արել, բոլորովին հատուցանէ նորան, եւ նորա հինգերորդ մասը աւելացնէ վերան, որինը որ էր՝ նորան տայ իր յանցանքի պատարագի օրումը:  Եւ իր յանցանքի պատարագը բերէ Եհովային, այսինքն հօտերից մի անարատ խոյ քո արժեցրածի համեմատ, իբրեւ յանցանքի պատարագ քահանայի մօտ:  Եւ քահանան նորա համար քաւութիւն անէ Եհովայի առաջին. եւ թողութիւն լինի նորան ինչ բանի համար որ յանցանք է գործել:  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Պատուիրիր Ահարօնին եւ նորա որդիներին եւ ասիր. Այս է ողջակէզի օրէնքը. ողջակէզը սեղանի վերայ եղած կրակի վերայ պիտի լինի բոլոր գիշերը մինչեւ առաւօտ, եւ սեղանի կրակը նորա մէջ վառած պիտի մնայ: 10  Եւ քահանան քթանի պատմուճանը հագնէ, եւ քթանի վարտիքը մարմինի վերայով հագնէ, եւ կրակով այրուած ողջակէզի մոխիրը սեղանի վերայից վեր առնէ եւ սեղանի մօտ դնէ: 11  Եւ իր զգեստները հանէ, եւ ուրիշ զգեստներ հագնէ. եւ մոխիրը բանակիցը դուրս մի մաքուր տեղ տանէ: 12  Եւ սեղանի վերայի կրակը նորա մէջ վառած պիտի լինի, պիտի չ’հանգչի. եւ քահանան ամեն առաւօտ նորա վերայ փայտեր այրէ, եւ ողջակէզը նորա վերայ շարէ եւ այրէ նորա վերայ խաղաղութեան զոհերի ճարպը: 13  Կրակը սեղանի վերայ միշտ վառած լինի, պիտի չ’հանգչի: 14  Եւ այդ է հացի ընծայի օրէնքը. Ահարօնի որդիքը մատուցանեն նորան Եհովայի առաջին սեղանի դիմացը: 15  Եւ վեր առնէ նորանից իր ձեռքը լիքն՝ այսինքն հացի ընծայի բարակ ալիւրիցը եւ նորա իւղիցը եւ հացի ընծայի վերայ եղած բոլոր կնդրուկը, եւ այրէ նորա յիշատակը սեղանի վերայ անոյշ հոտի համար Եհովային: 16  Եւ նորանից մնացածն ուտեն Ահարօնը եւ նորա որդիքը. նա անխմոր ուտուի սուրբ տեղը. ժողովքի խորանի սրահի մէջ ուտեն նորան: 17  Խմորով չ’եփուի. իրանց համար բաժին տուի այն իմ պատարագներիցը. սա մեղքի ու յանցանքի պատարագների պէս ամենասուրբ է: 18  Ահարօնի որդկանց բոլոր արուները ուտեն այն. Եհովայի պատարագներիցը ձեր ազգերումը յաւիտենական կանոն լինի այս. ամեն նորանց դպչողը սուրբ լինի: 19  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 20  Այս է Ահարօնի եւ նորա որդիների պատարագը, որ Եհովային պիտի մատուցանեն նորա օծուելու օրը. արդուի տասներորդ մասը բարակ ալիւր ամեն օր հացի նուէրի համար, կէսը առաւօտին եւ կէսը իրիկունը: 21  Տապակի մէջ իւղով շինուի, հունցուած* բերես այն, հացի նուէրի եփած կտորները անոյշ հոտի համար Եհովային մատուցանես: 22  Եւ նորա որդիներիցը նորա տեղը օծուելու քահանան մատուցանէ այն. սա Եհովային յաւիտենական կանոն է. բոլորովին պիտի այրուի: 23  Եւ քահանայի ամեն հացի նուէրը բոլորովին պիտի այրուի, պիտի չ’ուտուի: 24  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 25  Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ եւ ասիր. Այս է մեղքի պատարագի օրէնքը. ողջակէզի մորթուած տեղը պիտի մորթուի մեղքի պատարագը Եհովայի առաջին. այս ամենասուրբ է: 26  Այն քահանան որ մատուցանում է մեղքի պատարագը, նա ուտէ այն. սուրբ տեղը ուտուի ժողովքի խորանի սրահումը: 27  Ամեն ինչ որ նորա մսին դպչի՝ սուրբ պիտի լինի. եւ եթէ նորա արիւնիցը հանդերձով տայ, սուրբ տեղը լուանաս այն՝ որով որ արիւնը տուել է: 28  Եւ հողի ամանը որի մէջ եռ է ածուել այս միսը, պիտի կոտրուի. եւ եթէ պղնձի ամանի մէջ է եռացուած, պիտի շփուի եւ ջրով լուացուի: 29  Քահանաների բոլոր արուները պիտի ուտեն այն. այս ամենասուրբ է: 30  Եւ ամեն մեղքի պատարագը՝ որի արիւնիցը ժողովքի խորանը բերուի սուրբ տեղի մէջ քաւութիւն անելու համար, պիտի չ’ուտուի, կրակով պիտի այրուի:

Ծանոթագրություններ

6։21 Կամ՝ կտոր կտոր եղած։