Ղևտական 9։1-24

9  Եւ եղաւ ութերորդ օրը որ Մովսէսը կանչեց Ահարօնին եւ նորա որդիներին եւ Իսրայէլի ծերերին.  Եւ ասեց Ահարօնին. Առ դու մեղքի պատարագի համար արջառներից մի զուարակ, եւ ողջակէզի համար մի խոյ. անարատ լինին. եւ Եհովայի առաջին մօտեցրու:  Եւ Իսրայէլի որդիների հետ խօսիր՝ ասելով. Առէք մեղքի պատարագի համար այծերից մի նոխազ եւ ողջակէզի համար մի զուարակ եւ մի գառն մէկ տարեկան. անարատ լինին:  Նաեւ մի արջառ եւ մի խոյ իբր խաղաղութեան զոհ Եհովայի առաջին զոհելու համար, եւ իւղով զանգուած հացի նուէր. որովհետեւ այսօր Եհովան ձեզ պիտի երեւայ:  Եւ Մովսէսի պատուիրածն առին բերին ժողովքի խորանի առաջը. եւ բոլոր ժողովքը մօտեցան եւ կանգնեցին Եհովայի առաջին:  Եւ Մովսէսին ասեց. Այս է Եհովայի պատուիրած բանը. այս արէք, եւ Եհովայի փառքը ձեզ կ’երեւայ:  Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մօտեցիր սեղանին, եւ արա քո մեղքի պատարագը եւ ողջակէզը, եւ քաւութիւն արա քեզ համար եւ ժողովրդի համար. եւ արա ժողովրդի պատարագը եւ նորանց համար քաւութիւն արա՝ ինչպէս որ Եհովան պատուիրել էր:  Եւ Ահարօնը մօտեցաւ սեղանին, եւ մորթեց իր համար եղած մեղքի պատարագի զուարակը:  Եւ Ահարօնի որդիքը արիւնը մօտեցրին նորան. եւ նա իր մատը արիւնին թաթախեց, եւ սեղանի եղջիւրներին քսեց. եւ մնացած արիւնը թափեց սեղանի յատակի վերայ. 10  Բայց մեղքի պատարագից ճարպը եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը սեղանի վերայ այրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 11  Եւ միսն ու մորթը բանակիցը դուրս կրակով այրեց: 12  Եւ ողջակէզը մորթեց. եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ նա սրսկեց նորան սեղանի վերայ շուրջանակի: 13  Եւ ներկայացրին նորան ողջակէզը կտորներովը եւ գլուխը, եւ նա այրեց սեղանի վերայ: 14  Եւ փորոտիքն ու ոտքերը լուացաւ, եւ այրեց սեղանի վերայ ողջակէզի վերայ: 15  Եւ մօտեցրեց ժողովրդի ընծած, եւ առաւ ժողովրդի համար մեղքի պատարագի նոխազը, եւ մորթեց նորան, եւ մեղքի պատարագ արաւ առաջինի պէս: 16  Եւ ողջակէզը մօտեցրեց, եւ ըստ օրինի մատուցրեց: 17  Եւ հացի ընծան մօտեցրեց, եւ ձեռքը լցրեց նորանից եւ այրեց սեղանի վերայ, բացի առաւօտեան ողջակէզից: 18  Եւ ժողովրդի խաղաղութեան զոհի արջառն ու խոյը մորթեց. եւ Ահարօնի որդիքը արիւնը նորան ներկայացրին, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկեց այն: 19  Եւ արջառից՝ ճարպերը եւ խոյիցը՝ դմակը եւ փորոտիքը ծածկող ճարպը, եւ երիկամունքները եւ լեարդի թաղանթը. 20  Եւ ճարպերը երբուծների վերայ դրին, եւ այրեց ճարպերը սեղանի վերայ: 21  Եւ Ահարօնը՝ երբուծները ու աջ զիստը երերացրեց Եհովայի առաջին երերացնելու պատարագ, ինչպէս որ Մովսէսը պատուիրել էր: 22  Եւ Ահարօնն իր ձեռքերը ժողովրդի վերայ բարձրացրեց, եւ օրհնեց նորան. եւ մեղքի պատարագն ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը մատուցանելուց յետոյ իջաւ: 23  Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի խորանը մտան, եւ դուրս գալիս օրհնեցին ժողովուրդը. եւ Եհովայի փառքը բոլոր ժողովրդին երեւեցաւ: 24  Եւ Եհովայի առաջիցը կրակ դուրս եկաւ, եւ այրեց սեղանի վերայի ողջակէզը եւ ճարպերը. եւ բոլոր ժողովուրդը տեսնելով՝ աղաղակեցին, եւ իրանց երեսների վերայ ընկան:

Ծանոթագրություններ