Մաղաքիա 1։1-14

1  Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին՝ Մաղաքիայի ձեռովը:  Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը, իսկ դուք ասում էք. Ի՞նչով ես սիրել մեզ: Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին, ասում է Տէրը, եւ ես Յակոբին եմ սիրել:  Իսկ Եսաւին ատել եմ, եւ նորա սարերը ամայի եմ արել. եւ նորա ժառանգութիւնը անապատի չագալներին եմ տուել:  Թէեւ Եդովմն ասէ. Մենք կործանուեցանք, բայց դարձեալ պիտի շինենք աւերակները. Զօրաց Տէրն էլ այսպէս է ասում. Նորանք կ’շինեն, բայց ես կը քանդեմ. եւ նորանց կ’կոչեն Անօրէնութեան սահման, եւ մի ժողովուրդ՝ որի դէմ Տէրը բարկացած է յաւիտեան։  Եւ ձեր աչքերը պիտի տեսնեն, եւ դուք էլ պիտի ասէք. Մեծ է Տէրը Իսրայէլի սահմանից վեր:  Տղան իր հօրը կ’մեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում էք թէ Ի՞նչով ենք անարգում քո անունը:  Իմ սեղանի վերայ պիղծ հաց մատուցանելով. բայց դուք ասում էք. Մենք ի՞նչով ենք քեզ պղծում. ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը անարգուած է:  Ապա երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞. կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կ’հաւանէ՞ կամ քեզ* կ’ընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը:  Եւ արդ, աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ. ձեր ձեռքիցն եղաւ այս. մի՞թէ ձեզ կ’ընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը: 10  Ո՞վ էլ կայ ձեզանում որ դռները ձրի փակէ. դուք սեղանս էլ չէք լուսաւորում ձրի. ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. եւ ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը: 11  Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը: 12  Բայց դուք պղծում էք նորան՝ ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը պղծուած է. եւ նորա բերքը այսինքն ուտեստը անարգուած է: 13  Եւ ասում էք. Ահա ի՜նչ աշխատութիւն է. եւ փչում էք նորա վերայ, ասում է Զօրաց Տէրը. եւ բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կ’ընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը. 14  Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը զոհում Տիրոջը. որովհետեւ ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ:

Ծանոթագրություններ

1։8 Կամ՝ քո երեսը։