Մաղաքիա 2։1-17

2  Եւ արդ ձեզ համար է այս պատուէրը, ով քահանաներ:  Եթէ չ’լսէք եւ ուշադրութիւն չ’անէք, որ իմ անուանը պատիւ տաք, ասում է Զօրաց Տէրը, այն ժամանակ ես ձեր մէջը կ’ուղարկեմ անէծքը, եւ կ’անիծեմ ձեր օրհնութիւնները. այո՛ ես արդէն անիծել եմ նորանց, որ դուք ուշ չէք դարձնում:  Ահա ես պիտի յանդիմանեմ ձեր սերունդը, եւ աղբ պիտի ցրուեմ ձեր երեսի վերայ՝ ձեր տօների աղբը. եւ ձեզ իր մօտը պիտի տանէ:  Եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ ուղարկել ձեզ դէմ այս պատուէրը. որպէս զի իմ ուխտը լինի Ղեւիի հետ, ասում է Զօրաց Տէրը:  Իմ ուխտը նորա հետ էր իբրեւ կեանք եւ խաղաղութիւն, եւ ես տուի նորան իբրեւ երկիւղ, որ նա վախենայ ինձանից. եւ նա իմ անունի երեսիցը սարսափում էր:  Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում ինձ հետ. եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից:  Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կ’փնտռեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է:  Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը, ասում է Զօրաց Տէրը:  Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ. ինչպէս որ դուք չէք պահում իմ ճանապարհները. եւ երեսպաշտութիւն էք անում օրէնքի մէջ: 10  Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. ի՞նչու համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. որ քանդէ մեր հայրերի ուխտը: 11  Յուդան նենգութիւն արաւ, եւ պղծութիւն գործուեցաւ Իսրայէլի ու Երուսաղէմի մէջ. որովհետեւ Յուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր. եւ ամուսին եղաւ օտար աստուծոյ աղջկան: 12  Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս, արթունին եւ պատասխանողին՝ Յակոբի վրաններիցը. եւ Զօրաց Տիրոջը ընծայ մատուցանողին: 13  Եւ երկրորդ՝ սա էք անում. ծածկում էք արտասուքով Տիրոջ սեղանը՝ լացով ու ողբով. որ Նա այլ եւս չէ նայում ընծային եւ հաճութեամբ չէ ընդունում ձեր ձեռքիցը: 14  Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը: 15  Եւ այն մէկն էլ չ’արա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. եւ ի՞նչ էր փնտռում այն մէկը. Աստուծոյ սերունդ. ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր: 16  Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք: 17  Դուք ձանձրացնում էք Տիրոջը ձեր խօսքերովը. բայց դուք ասում էք, Ի՞նչով ենք ձանձրացնում. ձեր ասելովը թէ Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին. եւ ինքը հաւանում է նորանց. կամ թէ, ո՞ւր է դատաստանի Աստուածը:

Ծանոթագրություններ