Մատթեոս 10։1-42

10  Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն:  Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս:  Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէսը. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,  Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան:  Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չը գնաք, եւ Սամարացիների քաղաք չ’մտնէք.  Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ:  Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է:  Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։  Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ. 10  Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ, եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է: 11  Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք: 12  Եւ երբոր տունը կ’մտնէք, բարեւ տուէք նորան: 13  Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ: 14  Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք: 15  Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին: 16  Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները: 17  Եւ զգոյշ կացէք մարդկանցից. որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, 18  Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար: 19  Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք. 20  Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է: 21  Եւ եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց: 22  Եւ ամենից կ’ատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի: 23  Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ: 24  Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը: 25  Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման: Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը: 26  Ուստի մի վախենաք նորանցից. որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ որ չ’յայտնուի, եւ թագուն բան՝ որ չ’իմացուի: 27  Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լոյսի մէջ ասեցէք. եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք: 28  Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ: 29  Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր: 30  Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են: 31  Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք: 32  Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է: 33  Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է: 34  Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր: 35  Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ: 36  Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին: 37  Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ: 38  Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ: 39  Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան: 40  Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում: 41  Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ: 42  Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը:

Ծանոթագրություններ